Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա կարծես կամենում էր ինձ ուտել յուր այդ փոքրիկ աչքերով... Ես սարսափեցի ակամայից և հեռացա շուտով... Մենք դուրս գնացինք եկեղեցուց և դիմեցինք դեպի տուն։ Ճանապարհին ես ետ նայեցի և տեսա, որ հաստափորն ու պառավ կինը խոսելով հետևում էին մեզ. հաստափորը աչքը չէր հեռացնում ինձանից։ Ես, կարծես բնազդմամբ, հասկացա, որ այդ մարդը մեծ դեր պիտի խաղա իմ ապագա կյանքիս մեջ և, ավա՜ղ, այդպես էլ եղավ...

Հետևյալ կյուրակի օրը մեր տանը մեծ պատրաստություններ էին տեսնում։ Ես չէի իմանում, թե այդ ինչի՞ համար է, այդ պատճառով դիմեցի մորս։ Մայրս նստած էր շատ տխուր. նրա աչքերը շատ լաց լինելուց ուռել էին բոլորովին։ Նա նայեց ինձ. նրա հայացքի մեջ անսահման քնքշություն, սեր և միևնույն ժամանակ կարեկցություն էր նշմարվում։ Նա կամենում էր խոսել, բայց ըստ երևույթին չէր կարողանում։

— Մայրիկ, ի՞նչ է պատահել քեզ,— վախեցած հարցրի ես։

Հանկարծ նա վեր կացավ տեղից և ջերմագին գրկելով ինձ ասաց.

— Քեզ այս գիշեր նշանում են, անգին աղջիկս...

Եվ նա սկսեց դառնապես արտասվել:

— Ի՜նչ,— սարսափած կանչեցի ես դուրս պրծնելով նրա գրկից, ես կարծեցի, թե այդ խոսքերի հետ ամբողջ տունը փուլ եկավ գլխիս։

— Հայրդ կամենում է քեզ այս գիշեր նշանել,— կրկնեց մայրս,— և գիտե՞ս ում վերա,— այն մարդու, որ դու անցյալ կյուրակի տեսար եկեղեցում։

Ես այլևս ոչինչ չէի լսում. աչքերս բոլորովին մթնեցին, գլուխս պտտվեց և գրեթե անզգա ընկա բազկաթոռի վերա։

Այնուհետև մինչև մյուս օրն առավոտյան ես ոչինչ չեմ զգացել, թե ինչ է պատահել ինձ նույն գիշերը։ Ես մի տեսակ անզգայության մեջ էի։ Աչքերս բանալուն պես՝ տեսա մորս նստած անկողնիս մոտ։

— Ինչպե՞ս ես, աղջիկս,— եղավ նրա առաջին հարցը։ Ես նայեցի նրան զարմացած։