Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ է պատահել ինձ,— հարցրի ես իմ կողմից։

— Աստված իմ, դու չե՞ս հիշում երեկվա անցքը...

— Ես բոլորովին ոչինչ չեմ հիշում։

— Դու չե՞ս հիշում, որ երեկ գիշեր քեզ արդեն նշանեցին...

Ես կարծեցի, թե հանկարծ սրտումս դաշույն ցցեցին։

— Սուտ է, սուտ է, մայրիկ, դու ինձ խաբում ես... դու ինձ փորձում ես,— աղաղակեցի ես խելագարի նման։

— Օ՜, հազար երանի կլիներ, եթե այդպես լիներ, անգի՛ն աղջիկս,— ասաց մայրս տակավին լաց լինելով։— Բայց ի՞նչ ունիմ քեզ խաբելու, քեզ փորձելու, անբա՜խտ աղջիկ... Դու բոլորովին անզգա էիր, երբ հայրդ հրամայեց, որ քեզ բռնի հագցնեն և ներս տանեն դահլիճը, որտեղ արդեն վաղուց սպասում էր քեզ փեսացուդ։ Դու ապուշի նման անձնատուր էիր եղել, մի ընդդիմություն անգամ ցույց չէիր տալիս... Ես խնդրեցի, աղաչեցի հորդ, դառն արտասուքով թրջեցի նրա ոտները, որպեսզի քեզ հանգիստ թողնեին, որպեսզի նա խղճար քեզ վերա, բայց նա այնքան կատաղած էր, որ քիչ էր մնում ինձ դաշույնով սպաներ, երկյուղից ես լռեցի բոլորովին... Օ՜, անգին, անգին աղջիկս, ի՞նչ չէի տալ, ի՞նչ չէի անիլ, միայն թե կարողանայի ազատել քեզ այդ գազանների ձեռքից, միայն թե...

Արտասուքը խեղդեց նրան բոլորովին, և նա սեղմեց ինձ՝ յուր գրկի մեջ։ Ես քարացած լսում էի նրան, բայց դարձյալ չէի հավատում, մի՞թե իսկապես ես կորած էի բոլորովին, մի՞թե իսկապես ինձ նշանել են այն մարդու հետ, որին հենց առաջին հայացքից ատեցի... բայց մի՞թե իսկապես կարող է մի այդպիսի անգթություն գոյություն ունենալ, որ գործ են դրել ինձ վերա։

— Դու դարձյալ ինձ չե՞ս հավատում, աղջիկս,— ասաց մայրս նայելով իմ անմիտ, չռած աչքերիս,— բայց նայի՛ր մատիդ մատանուն, անբա՛խտ աղջիկ։

Իրավ որ մատիս վերա մի թանկագին մատանի տեսա, ես կարծեցի, թե այդ ոչ թե մատանի է, այլ մի թունավոր օձ, որ մատովս էր փաթաթվել։ Այն ժամանակ միայն հավատացի, որ մայրս ինձ չի խաբում, և ես իսկույն հանելով մատանին, դեն շպրտեցի։