Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատկերը հիշելիս անգամ բոլոր արյունս սառում էր երակներիս մեջ... Բայց այժմ, այժմ միայն ես համոզվեցա, որ այդ ամենադառն իրաղություն էր։ Մի՞թե իսկապես ես այն ծերունի — հրեշի կինը պիտի լինեի. մի՞թե իսկապես իմ ծաղիկ հասակս այդպես շուտ, այդպիսի սոսկալի կերպով պիտի թառամեր, և որ ինձ ավելի խելագարության էր հասցնում, մի՞թե իսկապես ես պիտի բաժանվեի քեզանից ընդմիշտ, հավիտյան, անգի՛ն Գրիգոր... Հապա մեր նախագծած ցնորքները, նպատակնե՞րը... Աստված իմ, ի՞նչ անեի, որին դիմեի, որի՞ն աղաչեի, որ ինձ— թշվառիս, անպաշտպանիս ազատեր այդ դրությունից, որ հեռացներ ինձ այն ահարկու վիհից, որի մեջ անդառնալի կամենում էին ինձ գլորել։ Ես մենակ էի, ամբողջ աշխարհիս մեջ մենակ...

Մինչև անգամ աստված էլ ինձ չէր լսում... Մի ելք միայն կար, որին ինձ նման թշվառներից շատերը դիմել և դիմում են — դա ինքնասպանությունն է... բայց, օ՜, պակաս սարսափի մեջ չէր գցում ինձ և դա— ինքնասպանությունը... Ես ինչ իրավունք ունեի կյանքիս վերա սպառնալու, մի՞թե ես միայն ի՜նձ էի պատկանում, հապա իմ մա՞յրս, իմ անգին, անբախտ մա՞յրս... ես որ մեռնեի, ի՞նչ պիտի աներ նա, ի՞նչ պիտի լիներ նրա դրությունը... չէ՞ որ ես նրա միակ ուրախությունն էի, չէ՞ որ նա միայն ինձանով էր մխիթարվում, ինձանով ապրում... Իսկ դո՞ւ, դո՞ւ, իմ հոգույս հատոր, Գրիգոր... այնուհետև ես ի՞նչ պատասխանեի քեզ, մորս... աստվա՛ծ իմ, աստված, ես դարձյալ հույս ունեի, հո՜ւյս, որ հայրս ինձ կխղճար, չէ՞ որ ես նրա միակ, միակ զավակն էի, չէ՞ որ նա քար չէր։ Եվ այսպես մի օր արտասուք թափելով ես ընկա նրա ոտները, ես համբուրում էի, թրջում էի նրա ոտները, աղերսում էի, որ թողնի յուր մտադրությունը, բայց նա կատաղած ինձ ոտով մի կողմը հրեց և հրամայեց, որ ես այլևս այդպիսի «անամոթություններ» չանեմ... Հանգավ հույսիս վերջին նշույլը։ Երևակայիր, Գրիգոր, մի խեղդվող, որի գլուխը փրփրան գետի երեսին հազիվհազ երևում է և որ, հավաքելով յուր վերջին ուժը, կամենում է հասնել ջրի հոսանքի հետ խաղալով գնացող մի փոքրիկ տաշեղին, որի վերա է նա տեսնում յուր փրկության հույսը այդ կատաղի մռնչող գետի ալիքների մեջ, նա մեկնում է