Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր ձեռքը դեպի այդ տաշեղը, հանկարծ տաշեղն անհայտանում է նրա աչքերից, և նա կուլ է գնում ջրային գերեզմանի մեջ։ Ասա՛, Գրիգոր, ի՞նչ կլինի մի այդպիսի մարդու դրությունը, իսկ իմ դրությունը դրանից էլ սոսկալի էր... կռվել այլևս անհնար էր։ Թո՛ղ կատարվի իմ ճակատագիրս — վերջապես վճռեցի ես և անձնատուր եղա։

Ինձ պսակեցին, և ես դարձա նրա կինը, ուրիշ խոսքերով— ինձ թաղեցին կենդանի, և ես շարունակում էի ապրել...

Մի քանի խոսք կասեմ, Գրիգոր, իմ ամուսնուս մասին, որոնցից դու կարող ես երևակայել իմ ներկա դրությունս։ Ամուսինս Թիֆլիսի ամենահարուստ վաճառականներից մեկն է, այն վաճառականներից, որոնց դիզած հարստության ամեն մի կոպեկը ամենակեղտոտ միջոցներով է ձեռք բերված, և որոնց աստվածը միայն փողն է։ Իմ ամուսինս այնպիսի մարդկանցից է, որոնց ապաստարանը պատանեկությունից սկսած մինչև խորին ծերությունը միշտ և միայն անբարոյականության տեղերն են, անբարոյականության, որի հետքերն անջնջելի կերպով դրոշմվում են նրանց վերա և այն անբուժելի կերպով ազդում է նրանց ֆիզիկական առողջության վերա, և նրանց ախտերով վարակված կյանքը վարակում է և իրենց շրջապատողներին... մի խոսքով իմ ամուսինս այնպիսի մարդկանցից է, Գրիգոր, որոնք ոչ թե մարդ (օ՜, ափսոս է այդ սուրբ անունը), այլ հրեշ միայն պիտի կոչվին... Եվ ես աշխարհիս մեջ ամենաանբախտն, ամենաթշվառը դրա ձեռքն ընկա, դրա, որը մի օրում թունավորեց իմ նորածիլ կյանքս, ինչպես սաստիկ հյուսիսին, որ մի քանի րոպեում չորացնում է մի գեղեցկատեսիլ, նորաբողբոջ ծաղիկ։ Այո, մի օրում, Գրիգոր, այդ հրեշն ինձ այն վիհը գլորեց, որից երբեք և ոչ մի կերպ դուրս գալ կարելի չէ... Ահա՛, թե ինչի իմ անբախտ մայրս այնքան դառն, այնքան աղի արտասուք էր թափում ինձ համար. նա ինձ վաղուց կորած էր համարում, որովհետև նա վաղուց արդեն ճանաչում էր այդ հրեշ մարդուն։ Նա ավելի լավը կհամարեր արյունախորով տեսներ ինձ ընկած յուր ոտների առաջ, քան այդ մարդու ձեռքին, բայց նա անզոր էր, նրա ձեռքին ոչինչ չկար...