հայաստանցի անգործ մշակներ (սակայն դրանց կարելի է մատների վերա համարել), և՛ քաղաքացի «ջիբգիր» կինտոներ կգտնեք, և՛ խանութներից վռնդված աշակերտներ, և՛ քաղցած, լոթի, կարմրա-լրջաքիթ գրագիրներ կգտնեք, և՛ երբեմն հարուստ, բայց այժմ չար բախտից աղքատացած կամ սնանկացած վաճառականներ, և՛ պաշտոնաթող կամ պաշտոնազուրկ արքունական ծեր ծառայողներ և այլն, և այլն։ Ոմանք ի մի խմբված խոսում, ծիծաղում, կատակներ են անում և, մինչև անգամ, ամբոխը ճեղքելով, երեխաների նման, վազվզում են միմյանց հետևից— դրանք միայն թեթևամիտ իմերելներն են, որոնք թե՛ մեծ, թե՛ փոքր ընդհանրապես այդ երեխայական բնավորությունն ունեն։ Ոմանք— ավելի հասակավորներն ու լրջամիտները՝ կոլոլված իրենց հին, շատ տեղ պատառոտված և կարկատած վերարկուների մեջ, որոնք հիշեցնում են նրանց նախկին նախանձելի դրությունը՝ խոսում և վայ են տալիս կամ հասարակության, կամ իրենց գլուխը— դրանք աղքատացած կամ սնանկացած հարուստ վաճառականներն են։ Ոմանք՝ պատի տակ նստած և մինչև անգամ պառկած ու աչքերը խփած՝ դեմքերը դարձրել են դեպի արևը կամ ընկղմված են խորը մտածմունքների մեջ, կամ քնած են— դրանք քարվանսարայի անգործ մշակներ են։ Մի խոսքով այդ ամբոխից ամեն մեկը զբաղված է մի որևիցե բանով, ինչ բան որ կարող է ունենալ ծույլ և անգործ մարդը։
Սակայն այդ բոլորի մեջ միայն մեկն էր, որ յուր վերա էր դարձնում դիտողի ուշադրությունը։
Դա մի նիհար պատանի էր, որ կուչ էր եկած պատի տակ, որտեղ արևի ճառագայթներն ավելի ջերմ էին։ Նա հագած ուներ ամառվա սպիտակ, մաշված բլուզ և նույնպիսի անդրավարտիք։ Կոշիկները պատառոտված էին, որտեղից դուրս էին եկել նրա մերկ ոտների մատները, որոնք ցրտից կապտել և ուռել էին։ Շեկ և ըստ երևույթին, երբեմն փափուկ ու փայլուն, բայց այժմ կեղտոտ մազերը, երկար ժամանակ մկրատի սանրի երես տեսած լինելով, այնքան երկարել և այնպես խճճվել էին, որ առանց այն էլ, փոքրիկ, հին գլխարկը հազիվ ծածկում էր նրա գագաթը: Նա սաստիկ դողում էր ցրտից և գունդի նման կծկվել էր նստած տեղը։ Նրա դեմքը