Պատանին դարձյալ նայեց նրա դաժան կերպարանքին։
— Ի՞նչ եք ուզում ինձանից,— վերջապես երկչոտությամբ և հազիվ լսելի ձայնով ասաց նա։
— Ասում եմ, ո՞ւմ տղան ես,— այս անգամ, կարծես, անհամբերությամբ ասաց անծանոթը։
— Ես... ես հայր չունիմ․․․
— Մ ա՞յր։
— Մայր էլ չունիմ,— ասաց պատանին այնպես, որ կարծես խաբում լիներ։
Անծանոթի դաժան կերպարանքի վերա ցոլաց ժպիտ։
— Ը՜-հը՛, այդպես ասա, էլի,— խոսեց նա,— ձայն չես հանում, կարծես լեզու չունիս․․․ դու հենց կարծում ես, թե ես լավ մարդ չե՞մ... ընդհակառակը՝ ես շատ լավ մարդ եմ․․․ և, տեսնում ես, եկել եմ քեզ կարեկցելու։
Պատանին այդ խոսքերի վերա և՛ զարմացմամբ, և՛ ուրախությամբ խոր նայեց այդ «շատ լավ» մարդու դաժան կերպարանքին, կարծես, ինքն իրեն հարցնելով, թե մի՞թե այդպիսի դեմքի տեր մարդը ընդունակ կլինի կարեկցության։
— Եվ այդպես, դու ո՞րբ ես,— հարցրեց դարձյալ «շատ լավ» մարդը մտախոհ կերպով։
— Այո։
— Բոլորովի՞ն որբ ես։
— Այո։
— Եղբայր կամ հորեղբայր է՞լ չունիս։
— Ո՛չ։
— Դե՛հ, եկ գնանք միասին։
Պատանին, կարծես, ակամայից ավելի խոր նայեց նրա դեմքին և տեղից չշարժվեցավ։
— Դե՜հ, ի՞նչ ես կանգնել, եկ գնանք, է՜լի։
— Ո՞ւր,— անվճռականությամբ և երկյուղով հարցրեց պատանին։
— Քեզ որ ասում եմ եկ՝ եկ, էլ ոչինչ մի հարցնիլ․․․ Այս ցրտումը որ կանգնել ես, ի՞նչ պիտի շինես․․․ Քաղցած էլ ես, չէ՞։
— Այո․․․ երեք օր է ոչինչ չեմ կերել,— պատասխանեց պատանին, և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին։