— Տեսնո՞ւմ ես, այստեղ որ մնաս, քաղցած կմեռնես, իսկ ինձ հետ որ գաս, ես քեզ հաց էլ կտամ ու ամեն բան էլ... Դե՛հ, էլ ձայն մի հանիլ ու եկ գնանք։
Եվ անծանոթն առաջ ընկավ, իսկ պատանին, նրա վերջին խոսքերից սիրտ առնելով, հետևեց նրան։
Անծանոթը գնում էր շտապով, այնպես որ պատանին յուր սառած ոտներով հազիվ էր կարողանում նրան հետևել։ Նրանք անցան հրապարակը, մի քանի ուրիշ փողոցներ և վերջապես տասը րոպեից հետո հասան Ք․․․ թաղը։ Այդտեղ անծանոթը դարձյալ ծռվեց մի ինչ-որ նեղ ու մութ փողոց և կանգնեց մի կիսախարխուլ, Նոյի ժամանակվանից մնացած խրճիթի դռան առաջ։ Կանգնեց և պատանին։ Անծանոթը հանեց գրպանից դռան հին, ժանգոտած կողպեքի բանալին, բացեց դուռը և ներս մտավ գլուխը բավական թեքելով, որովհետև դուռը շատ ցածր էր։ Ներս մտավ և պատանին։
Խրճիթը այնքան փոքր էր և ցած, որ հազիվ մի քանի մարդ տեղավորվեին։ Կահավորանք ասած բաներից այնտեղ ոչինչ չկար, բացի մի ինչ֊որ հին, անմեջք, հասարակ աթոռից և մի նույնպիսի սեղանից, որի վերնատախաակը տեղ-տեղ այրված և կեղտից սևացած էր։ Պատի մեջ հանված փոքրիկ չորսապակիավոր լուսամուտը հազիվ լուսավորում էր մերկ և խոնավ գետնի վերա գցած կեղտոտ անկողինը, իսկ բաց թարեքում երևում էր օղիի մի շիշ, բաժակ և սև հացի կտոր ու պանիր։ Ուրիշ ոչինչ չէր երևում այնտեղ։
— Դե՜հ, ինչպե՞ս է. այստե՞ղ է լավ, թե այնտեղ, որ չէիր ուզում գալ,— խոսեց անծանոթն յուր կոպիտ ձայնով, փակելով խրճիթի ճռճռան դուռը, երբ պատանին արդեն ներս էր մտել և դռան մոտ կանգնած՝ դողդողալով դիտում էր իրեն անծանոթ խրճիթը։— Գնա՜ և նստիր այնտեղ,— և նա ցույց տվավ աթոռի վերա, որ դրված էր սեղանի մոտ՝ լուսամուտի տակ։
Պատանին նստեց։
— Հը, ինչպե՞ս է, տա՞ք է, թե ոչ։
— Այո,— հազիվհազ արտասանեց պատանին, չնայելով, որ խրճիթը սաստիկ խոնավ և ցուրտ էր, իսկ ինքը դողալուց ցնցվում և վեր ու վեր էր թռչում աթոռի վերա, որից և դա մի տեսակ ճռճռոց էր հանում։