— Դու ասացիր, որ քաղցած ես, չէ՞։
— Այո։
Անծանոթը մոտեցավ թարեքին:
— Դե՛հ, էլ ի՞նչ ես այդպես ճռճռացնում աթոռը,— հանկարծ ասաց նա՝ ետ նայելով դեպի պատանին, որ հաց ու պանիրը տեսնելուն պես ավելի էր սկսել դողացնել, որից և աթոռի ճռճռոցը սաստկացել էր։
Պատանին ամուր սեղմեց միմյանց ատամները, դողը զսպեց և անհամբերությամբ սպասում էր հաց ու պանրին. բայց անծանոթը նախքան նրանց ձեռք տալը վերցրեց օղիի շիշը, լցրեց բաժակը, մի ումպով կոնծեց և դարձյալ դրեց տեղը. այնուհետև վերցրեց հաց ու պանիրը, նախ կտրեց յուր համար թե՛ մեկից և թե՛ մյուսից, իսկ մնացածը դրեց պատանիի առաջ՝ սեղանի վերա, ասելով.
— Դե՛հ, կեր, կշտացիր,— և սկսեց յուր հաց ու պանիրը կծոտել ու ծամել, որի ժամանակ նա խոզի նման մի ինչ֊որ խռխռոց էր հանում։
Պատանին վերա ընկավ հաց ու պանրին և ագահաբար սկսեց ուտել, կարծես, երկյուղ կրելով, թե մի գուցե «շատ լավ» մարդը շուտով վերջացնի յուր մասը և հետո յուր մասն էլ խլի։
Երկար ժամանակ խրճիթում ոչինչ չէր լսվում, բացի նրանց հաց ու պանիր ծամելուց, աթոռի ճռճռոցից և անծանոթի խռխռոցից։ Վերջինս կանգնած էր պատանու առաջ, ահագին կտորները բերանն էր կոխում և մեծ ուշադրությամբ զննում էր նա ցրտից կապտած դեմքը։ Վերջացնելով յուր հաց ու պանիրը նա մոտեցավ թարեքին, դարձյալ ածեց օղին և կոնծեց։
— Ես որ քեզ ասում էի, թե շատ լավ մարդ եմ, դու ինձ չէիր հավատում,— դարձավ նա պատանիին՝ վերարկուի կեղտոտ փեշով սրբելով բերանն ու բեղերը։— Եթե ես չլինեի, հիմա դու այնտեղ ցրտից և քաղցից մեռած կլինեիր, գիտե՞ս թե չէ... Հա՛, այդպես։ Ուրեմն, դու կաց այստեղ, մինչև իմ գալս, ես գնում եմ և շուտով կվերադառնամ։
Պատանին առանց հաց ու պանիրը թողնելու, այնպես նայեց նրան, որ, կարծես, ասում էր. «Ես ամենևին էլ միտք չունեմ այստեղից հեռանալու»։