Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորակառույց տունը, որտեղ յուր փոքրիկ ընտանիքով շատ խաղաղ հանգիստ կյանք էր վարում, և յուր բարեկեցությամբ օրինակ կարող էր լինել յուր հարևաններին, որոնք պլատոնական սիրով կապված էին նրա հետ։ Նա շատ բարեսիրտ, ուրախ, յուր պատիվը պահող և միևնույն ժամանակ զվարճախոս մարդ էր, իսկ յուր ընտանիքը նրանից ավելի սիրող, հարգող մարդ շատ քիչ կգտնվեր։ Սակայն վերջին ժամանակներում նրա կինն ու հարևանները նրա մեջ մեծ փոփոխություն էին նկատել. առաջվա այն ուրախ, զվարճախոս մարդը այժմ դարձել էր տխուր և մելամաղձոտ, նա ոչ ոքի հետ խոսել չէր կամենում, երկար ժամանակ էր ժպիտը, ծիծաղը ամենևին չէին նկատվում նրա դեմքի վերա, նա շատ քիչ էր ուտում, լուսանալուն պես գնում էր խանութ, գրեթե մինչև երեկո մնում էր մի տեղում նստած և մի ինչ-որ բանի մասին խիստ մտածում էր։ Կինը, որ սաստիկ սիրում էր նրան, բոլորովին զարմացել էր նրա անսպասելի և հանկարծակի փոփոխության վերա, նա շատ աշխատեց, շատ ճգնեց իմանալու նրանից այդ բանի պատճառը, բայց փոխված մարդը այդ մասին միշտ լռություն էր պահպանում և խնդրում էր միայն, որ իրեն ոչինչ չհարցնե և հանգիստ թողնե։ Մինչև իսկ մի անգամ նա սաստիկ կատաղեց և համարյա ուզում էր ծեծել կնոջը, երբ վերջինս դարձյալ թախանձում էր նրան, որ յուր փոփոխության պատճառը հայտնե. կինը շատ վշտացավ և լաց եղավ— այդ բանն յուր ամուսնու կողմից նա առաջին անգամն էր տեսնում։

Մի անգամ Պետրոսը գիշերը ուշ վերադարձավ տուն։ Նա այդ գիշեր ավելի տխուր, բայց միևնույն ժամանակ, ըստ երևույթին, ավելի հանգիստ էր։ Քնելու պառկելիս նա համբուրեց յուր բոլոր զավակներին, մինչև անգամ և կնոջը, մի բան, որ յուր փոխված ժամանակ նա երբեք չէր արել։ Կեսգիշերին, երբ բոլորը Մորֆեոսի անդորր գրկի մեջ էին, նա, որ աչքը բնավ չէր խփել, կամաց, շատ զգույշ կերպով վեր կացավ տեղից, հագավ միայն արխալուղն ու հողաթափները և նույն զգուշությամբ դուրս գնաց սենյակից։ Առավոտյան կինը անկողնում ամուսին չգտավ․ սկզբում նա կարծեց, թե ամուսինը գնացել է խանութ, բայց հանկարծ տեսավ, որ