նրա վերարկուն, գլխարկը, անդրավարտիքն ու կոշիկներն այնտեղ են։ Նա շատ զարմացավ և միևնույն ժամանակ վախեցավ։ Սկսեց անհամբերությամբ փնտրել նրան տանը, ամուսին չկար․ տղային ուղարկեց խանութ, չմտածելով, որ ամուսինն առանց շորերն հագնելու չէր գնալ այնտեղ։ Տղան վերադարձավ և ասաց, որ խանութը փակ է։ Խեղճ կինը խելագարի նման դուրս ընկավ... կես ժամից հետո բոլոր հարևանները իմացան, որ Պետրոսը գիշերը դուրս է եկել տանից և կորել է անհետք։ Սկսեցին փնտրել, բայց ոչ մի տեղ չգտան։ Անցավ մի օր, երկու— Պետրոսը դարձյալ չկար։ Վերջապես երրորդ օրը գետի մեջ գտել էին մի խեղդված մարդի այլանդակ մարմին— դա Պետրոսի դիակն էր։ Ոչ ոք չիմացավ նրա խեղդվելու պատճառը, մինչև որ նույն օրը, երբ գտան դիակը, ոստիկանական մի քանի պաշտոնյաներ կնքեցին նրա խանութի դռները։ Ամենքն իմացան, որ յուր պատիվը պահող վաճառական Պետրոսն ահագին պարտքեր էր ունեցել, որի պատճառով էլ նա այնպես փոխվել և վերջիվերջո խեղդվել էր, չկամենալով տեսնել յուր անվանարկությունը։ Մի քանի օրից հետո նրա սեփական տունն էլ նույն վիճակին ենթարկվեցավ, ինչ որ խանութը, և նրա անբախտ կինն յուր երեք զավակներով մնաց բաց երկնքի տակ։
Պետք է երևակայել անբախտ կնոջ դրությունը։ Ոչ տուն ուներ, ոչ մի որևիցե միջոց. ո՞րտեղ ապրեր և ինչո՞վ ապրեր։ Պլատոնական սիրով սիրող հարևանները խցեցին ականջները, գոցեցին դռները նրա առաջ, և ոչ ոք չէր ուզում տեսնել նրա դրությունը, բացի մեկից, մի բարի մարդուց, որի սրտի լարերը ավելի քնքուշ լինելով, խղճաց նրան և նրա զավակների վերա և որոշյալ ժամանակով նրանց անվարձ մի խրճիթ տվավ, որտեղ նրանք սկսեցին իրենց նոր կյանքի շրջանը։ Այրի մնացած կինը սկսեց կար ու լվացք անել, որպեսզի քաղցած չմեռնեին։ Տղան, որ նրա զավակներից ամենամեծն էր, տակավին տասնևերկու տարեկան էր և սովորում էր ուսումնարանում։ Նա շատ հեզաբարո, խոնարհ և խելոք տղա էր, նա հասկանում էր յուր մոր անել, աննախանձելի դրությունը, նա չափից դուրս, յուր որդիական բոլոր զգացմունքներով սիրում էր նրան և այդ պատճառով առանց ամենախորին վշտի չէր կարող տեսնել, թե ինչպես