Էին նրան օգնել կարողանալու համար։ Սենյակը անվարձ տալու ժամանակամիջոցն էլ լրացավ, և տանտերը սկսեց վարձ պահանջել։ Մյուս կողմից ձմեռն էր գալիս — թշվառ չքավորների այդ ամենաոխերիմ թշնամին, հարկավոր էր տաք շոր, հարկավոր էր փայտ, իսկ կար կամ լվացք միշտ չէր ճարվում։ Ի՞նչ աներ անբախտ, անօգնական կինը, որի վերա միայն դրված էր բոլոր ընտանիքի հոգսը...
«Բարեկամները» նրան խորհուրդ տվին երկրորդ անգամ ամուսնանալու։ Այդ մասին նա երբեք մտքովն անգամ չէր անցկացրել։ Ամուսնու հիշատակը այն աստիճան թարմ էր նրա գլխում, այն աստիճան նա հարգում էր այդ սուրբ հիշատակը, որ երկրորդ անգամ ամուսնանալը նա մինչև իսկ մեղք էր համարում, և այդ պատճառով «բարեկամների» տված խորհուրդը նա թողեց «ձայն բարբառո հանապատի»։
Անցավ երկու տարի։ Հանգուցյալ Պետրոսի այրի կինն արդեն հաշտվել էր յուր դրության հետ, իսկ նրա դրությունը մի մազաչափ անգամ չէր փոխվել... Իհարկե դեպի լավը։ Նույն անխոնջ աշխատանքը, նույն դառն քրտինքը, նույն անվերջ կարոտությունը։ Ոչինչ այնքան հարատև և անփոփոխ չէ աշխարհիս երեսին, որքան թշվառությունը։ Աղջիկները դարձյալ փոքր էին, սակայն նրանք արդեն սկսել էին իրենց նորածիլ ուժերով փոքր ի շատե օգնել մորը, իսկ Բարսեղր դարձյալ պարապ էր։ Վերջին հանգամանքը հուսահատեցնում էր մորը։ Պակաս չէր անհանգստանում այդ բանի համար և ինքը տասնևչորս տարեկան տղան։ Բայց ի՞նչ աներ խեղճը, նա սրտով ցանկանում էր աշխատել, քրտինք թափել, որպեսզի համարձակ կարողանար նայել մոր աչքերին, ուտել նրա դառն քրտինքով վաստակած հացը, բայց երևի նրա չար բախտից, ոչ ոք և ոչ մի տեղ բավականություն չէին տալիս նրա այդ բուռն ցանկությանը։ Նա արդեն հուսահատվել էր, երբ «փորձված» հարևաններից մեկը նրան խորհուրդ տվավ գնալ մի ուրիշ քաղաք՝ այնտեղ փորձելու յուր բախտը, որի համար և իբրև վաճառաշահ ու այդպիսի նժդեհ բախտախնդիրների համար լայն ասպարեզ բացող քաղաք, նա հատկապես մատնացույց արավ Թիֆլիսը։ Հուսահատ, անճար դրության մեջ մարդիկ միշտ հակված են, առանց երկար մտածելու, հավանություն տալ ուրիշի ամեն մի խորհուրդին,