Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ կասկածոտություն և գուցե չէր կարողանում թափանցել յուր որդեգրի դիմակի տակ, որովհետև այս վերջինս մեծ հմտությամբ էր ծածկվել այդ դիմակով— այդ հայտնի չէ, հայտնի է միայն, որ ղայիմ-Սաքոն միշտ գովում էր նրան և յուր գայլի ավետարանը անպակաս էր անում նրա գլխից։ Այլապես անկարելի էր և անհավատալի, որ Գրիգորի նման մի անբարոյականացած տղան հանկարծ այնպես փոխվեր։ Բնավորությունը, մանավանդ անբարոյականացած բնավորությունը առանց մի որևիցե իրենից անկախ զորեղ հարվածի, ցնցումի երբեք չէր կարող փոխվել, իսկ Գրիգորի բնավորության փոխվելուն այդպիսի ոչ մի զորեղ միջոց չէր նպաստել։ Եթե ղայիմ-Սաքոն այդ հասկանալիս լիներ, չէր հավատալ յուր որդեգրի «արմատապես» փոխվելուն, այլ այդ կվերագրեր վերջինիս մի որևիցե խորամանկ մտադրությանը, որով նա, անշուշտ, կամենում էր հասնել յուր կանխատես նպատակներին, իսկ այդ նպատակներն իսկապես գոյություն ունեին որդեգիր Գրիգորի գլխում․․․ Բայց թե ի՞նչ նպատակներ էին դրանք — այդ միայն աստծուն և իրեն— Գրիգորին էր հայտնի։

-----

Ընդամենը երկու տարի էր անցել այն օրից, ինչ Գրիգորը որդեգիր էր մտել ղայիմ-Սաքոյի մոտ, երբ մի անգամ ճաշից հետո, վերջինս հանկարծ, առանց մի որևիցե հիվանդություն ունենալու, թողեց այս երկրավոր աշխարհը։ Ի՞նչն էր նրա այդ հանկարծակի մահվան պատճառը— ո՛չ ոք չիմացավ։ Եթե այն ժամանակ այժմյան բժիշկ-անդամահատները լինեին, գուցե կտրատեին նրան իմանալու համար, թե ինչ արտասովոր բան էր կատարվել նրա ներսը, որը նրան այնպես հանկարծ կենազուրկ էր արել, բայց այն ժամանակվա բժիշկ֊անդամահատները, դժբախտաբար, այդ սովորությունն, այսինքն գիտությունը չունեին... այժմյան բժիշկ-անդամահատներն են միայն, որ մինչև անգամ զենքով սպանվածներին կտրատում են, որպեսզի իմանան, թե ինչով են նրանք մեռել... Եվ այդպես ղայիմ-Սաքոյի հանկարծակի մահվան պատճառը մնաց գաղտնի, ինչպես գաղտնի է ինքը գաղտնիքը։ Նրա մահից հետո չանցավ մի ամիս, երբ նրա թանկագին կեսն էլ նույն ճանապարհով հետևեց նրան․․․