վարվում էր որպես աղախնի հետ, բայց նա միշտ հավատարիմ էր յուր ամուսնական պարտականություններին և երբե՛ք տրտունջ չէր հանում։ Նրա այդ հովբական համբերությունը ծով էր ներկայացնում։ Մի անգամ նրա սիրահարը, որին նա դարձյալ սիրում էր, առաջարկեց նրան փախչել միասին մի ուրիշ երկիր և ապրել այնտեղ, ապրել երջանիկ, հեռու տգիտության բռնություններից, հեռու մարդկանց անգթությունից. բայց նա յուր կանացի անհուն առաքինությունից, թե այն զգացմունքից, որ ինքն այդ ժամանակ շուտով մայր էր լինելու— պատասխանեց նրան Պուշկինի Տատյանայի խոսքերով․
Ես ձեզ սիրում եմ,
Բայց ինձ, տեսնում եք, տվել են ուրիշին,
Ես նրան կմնամ ցմահ հավատարիմ։
Այդ օրից նա այլևս չտեսավ յուր թշվառ սիրահարին․ ո՞ւր գնաց նա, ինչ եղավ. արդյոք կարողացա՞վ նա դիմանալ, թե... Անբախտ կնոջ տանջանքը կրկնապատկվեցավ։ Միակ բանը, որ կապում էր նրան այս աշխարհի հետ և նրա անհուն վիշտը մոռացնել էր տալիս— այդ նրա երկու սիրուն զավակներն էին, որոնց նա սիրում էր յուր մայրական բոլոր զգացմունքներով։ Նա գիտեր յուր ամուսնու գաղտնիքը, նրա մոլությունները, բայց այդ մասին երբե՛ք մի ակնարկ անգամ չէր անում նրան, չնայելով, որ այդ գաղտնիքը ամենաստոր կերպով շոշափում էր նրա ամուսնական պատիվը։ Նա իրեն յուր երկու զավակների հետ պահում էր այդ մարդու տանը, որպես օտար, որպես հյուր. օրեր, շաբաթներ էին անցնում, որ նա չէր խոսում, մինչև անգամ չէր տեսնվում այդ մարդու հետ։ Նրա համար բոլորը միևնույն էր, մինչև անգամ և այն, թե չար լեզուները ինչ էին խոսում նրանց և նրանց ընտանեկան հարաբերությունների մասին— միայն թե նրան յուր սիրասուն զավակների հետ թողնեին հանգիստ։
Աղա Գրիգոր Մոսեիչի ամուսնանալուց հետո անցել էր ամբողջ քսանևմի տարի, երբ նրա ձեռքն ընկավ Բարսեղը։ Այդ մարդը պիտի լիներ նրա դաստիարակը։