Սմբատը կորագլուխ մնացել էր կանգնած գրասեղանի մոտ։ Այսպես կանգնում են նրանք, որոնք տեսնում են, որ իրենց վերջին հուսո մեջ էլ խաբված են եղել։ Սենյակում մի րոպե ծանր լռություն տիրեց։ Վերջապես Իսկուհին, որ բոլոր այդ ժամանակ մի ինչ-որ կարեկցող հայացքով նայում էր Սմբատի գունատ և տխուր դեմքին, ձեռքին բռնած գիրքը սեղանի վերա դրեց, վեր կացավ տեղից և մոտենալով եղբորն, ասաց.
— Գարեգին, դու չափազանցնում ես մեր հոր բնավորությունը։ Նա այնքան էլ անպիտան և անգութ չէ կարող լինել, որպես դու ես կարծում․․․ Հիմա ի՞նչ անենք, այս պարոնը դիմել է մեզ, իբրև ամենամոտ բարեկամներին, որ մենք մի կերպ օգնենք իրեն— և մենք պիտի օգնենք սրան ինչպես էլ որ լինի․․․ Ինչո՞ւ դու դեռ գործին չդիմած՝ այդպես ես խոսում․․․ Դու գնա մեր հոր մոտ և ուղղակի խնդրիր հազար ռուբլին, առանց հայտնելու, թե ում համար և ի՞նչ պայմաններով․․․ մի խոսքով՝ ուղղակի ասա, որ այդ գումարը քեզ համար ես ուզում։
— Օ՜, այդ անկարելի է, այդ ես չեմ թողնիլ,— զգացված կանչեց Սմբատը։
— Անկարելի է, թե կարելի է, այդ դեռ կտեսնենք,— մեղմորեն և քաղաքավարությամբ ասաց նրան Իսկուհին։
— Դուք եկել եք միայն խնդրելու մեր օգնությունը, ուրիշ ոչինչ, դրանով պրծել է ձեր դերը։ Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պիտի օգնենք ձեզ և կարո՞ղ ենք արդյոք օգնել, այդ մեր գործն է արդեն։ Ձեզ մնում է միայն նստել և սպասել։ Խնդրեմ նստեք։
— Օրիորդ․․․— ուզում էր խոսել Սմբատը, բայց Իսկուհին չթողեց նրան։
— Խնդրեմ նստեք,— կրկնեց նա նույն եղանակով։
Սմբատն ապուշի նման նայեց նրա լուրջ, քնքշագեղ դեմքին և մեքենայաբար նստեց գրասեղանի մոտ դրված աթոռի վերա։
— Գարեգի՛ն,— դարձավ օրիորդը եղբորը,— վեր կաց գնա՛, խնդրիր մեր հորից, որ քեզ հարկավոր է հազար ռուբլի, միայն խնդրիր, ուրիշ ոչինչ... Ի՞նչ ես ինձ այդպես նայում։