— Որովհետև ես ուզում եմ գտնել քո լուրջ դեմքի վերա այն գծերը, որոնցից կարողանամ հասկանալ, որ իսկապես դու կատակ ես անում...
— Գարեգի՛ն,— տաքացած խոսեց օրիորդը,— մի՞թե կատակի ժամանակ է, որ այժմ կատակ անեմ...
— Ախր, երևակայիր, որ հայրս ինձ այժմ հազար ռուբլի պիտի տա, հայր՝ որ մինչև հիմա մի ասեղ անգամ չի տվել աչքս կոխելու...
— Ավելի լավ է, ասա՛ թե չես ուզում օգնել ընկերիդ մինչև անգամ այդ չնչին բանով․— առավել ևս տաքացած պատասխանեց օրիորդը։
— Իսկուհի՛,— լուրջ և վիրավորված եղանակով նկատեց Գարեգինը,— եթե քո այդ չափից դուրս բարի և ազնիվ բնավորությունը շլիներ, ես քեզ երբե՛ք չէի ներիլ այդ խոսքերը... Այդ մի անգամն ասացիր, այլևս չասես։
— Ապա ի՞նչ անեմ․ դու չես ուզում այստեղից միայն մի քանի քայլ անել դեպի հորդ սենյակը և նրանից հազար ռուբլի խնդրել... Ուզում ես, ես կգնամ։
— Բայց դու գիտես, որ նա ինձ ոչինչ չի տալ։
— Տե՛ր աստված․․․ այդպիսի մի խնդիրքով դու խո դեռ չե՞ս դիմել նրան։ Դու ի՞նչ գիտես, գուցե տալիս է․․․ Վերջապես, կտա՝ կտա, չի տալ՝ չի տալ— դրանից խո ոչինչ չի վնասվիլ։ Ինչի՞ չփորձել մի բան, քանի որ դեռ չես փորձել։
— Լավ․ ես այժմ կգնամ նրա մոտ, կխնդրեմ, և կտեսնենք՝ կտա՞ թե ոչ,— ասաց Գարեգինը վճռականությամբ տեղից վեր կենալով։
— Բայց, ի սեր աստծո, Գարեգին,— ասաց Սմբատը,— ասա, որ փողն ինձ համար ես ուզում և ասա՛, որ տոկոս կտամ, տունս գրավ կտամ...
— Ո՛չ, Գարեգին,— ասաց յուր կողմից Իսկուհին,— կասես այնպես, ինչպես ես քեզ ասացի։ Կասես, որ փողը քեզ համար ես ուզում և միայն քեզ համար, ուրիշ ոչինչ։ Կխնդրես, ինչպես հարկն է և կխնդրես իբրև որդի, հասկանո՞ւմ ես։
— Լա՛վ, լա՛վ, ես գիտեմ․․․— Եվ Գարեգինը դուրս գնաց սենյակից։