Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
-----

Աղա Գրիգոր Մոսեիչի տունը բաղկացած էր երեք հարկից։ Ներքին հարկը տրված էր վարձով, միջին հարկում առանձնապես ապրում էր ինքն աղա Գրիգոր Մոսեիչը Բարսեղի հետ, իսկ վերին հարկը բռնած էին տիկ. Գայանեն, Գարեգինը և Իսկուհին։

Գարեգինը ոլորապտույտ սանդուղքներով իջավ դեպի միջին հարկը, անցավ երկար միջանցքով և կանգնեց աղա Գրիգոր Մոսեիչի մինի դռան առաջ։ Նա յուր ողջ կյանքի մեջ շատ քիչ անգամ էր մտել այդ սենյակները և առավել ևս քիչ էր խոսել աղա Գրիգոր Մոսեիչի հետ, այնպես որ նա այժմ վստահությամբ չէր պատրաստվում մտնելու վերջինիս մոտ, ինչ վստահությամբ որ պիտի մտներ որդին յուր հարազատ հոր մոտ, այլ այնպես, ինչպես օտարը՝ օտարի մոտ։ Դեռ մի րոպե անվճռական կերպով նա կանգնած էր դռան առաջ։ Նրա սիրտը թեթև կերպով տրոփում էր։ Վերջապես նա սիրտ առավ, բացեց դուռը և ներս մտավ։ Այն սենյակը ընդունարանն էր։ Փափուկ գորգերի վերա քայլելով, նա անցավ դահլիճն, իսկ դահլիճից՝ ուղղակի աղա Գրիգոր Մոսեիչի առանձնասենյակը:

Աղա Գրիգոր Մոսեիչը՝ խալաթը հագին՝ նստած էր գրասեղանի առաջ և ինչ-որ հաշիվներ էր անում։ Որդու մտնելուն պես նա յուր ահագին դեմքը դեպ նա դարձրեց և, ըստ երևույթին, շատ զարմացավ։ Գարեգինը թեթև կերպով գլուխ տվեց նրան և մի քանի վայրկյան ակամա լռությունից հետո, ասաց․

— Հայր, ներեցեք ինձ, որ համարձակվում եմ այժմ այսպես հանկարծակի կերպով, առանց նախապես իմաց տալու, խանգարել ձեզ... Ես ձեզ մի խնդիրք ունեմ... առաջին անգամ իմ ողջ կյանքի մեջ ես համարձակվում եմ մի այսպիսի խնդիրքով դիմելու ձեզ, հայր, հուսալով, որ դուք այնքան բարի և մեծահոգի կգտնվեք, որ չեք մերժիլ իմ այդ առաջին խնդիրքը...

— Ի՞նչ եք կամենում,— բավական նկատելի կոպտությամբ և անհամբերությամբ հարցրեց աղա Գրիգոր Մոսեիչը, քամակը դեպի նա անելով։

Գարեգինը դեռ մի քանի վայրկյան, կարծես, չկարողացավ ձայն հանել։