Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ասաց, է՜։

— Ուղղակի ասաց— չունիմ և դեմքը դարձրեց ինձանից։ Երևակայում եմ, թե ի՜նչ կաներ, եթե հայտնեի, որ այդ փողը ուրիշի համար է, և եթե ասեի, որ այդ ուրիշը պատրաստ է տոկոս վճարելու կամ յուր երեքհազարանոց տունը գրավ դնելու...

— Եթե ես այստեղ լինեի, մի քայլ անգամ չէի թողնիլ քեզ անելու դեպի նրա սենյակը,— ասաց տիկ. Գայանեն, որին Իսկուհին և Սմբատը արդեն ծանոթացրել էին գործի եղելության հետ։— Կարծես դու նրան նոր պիտի ճանաչեիր, որ գնում էիր նրանից հազար ռուբլի փող խնդրելու։

— Ես չէի գնում, Իսկուհին ինձ ուղարկեց։

— Ապա ի՞նչ անեի, մայրիկ,— մեջ մտավ Իսկուհին,— այս պարոնը շուտափույթ օգնության է կարոտ և դրա համար դիմել է մեզ...

— Ա՜խ, եթե գիտենայի, թե ձեզ այդքան նեղություն կարող եմ պատճառել, ես երբե՛ք չէի գալ այստեղ,— բավական ամոթահարված խոսեց Սմբատը, տեղից վեր կենալով։— Խնդրում եմ ներեցեք ինձ... Ի՞նչ անենք, այնքան էլ մեծ ցավ չէ... կյանքս խո չէ՞ գնալու, մի տուն է— թող տանեն... առանց դրան էլ կարող եմ ապրել ու պահել մորս...

— Ո՛չ, ձեր տունը, պարոն Սմբատ, ձեզ կմնա,— ծանրությամբ ասաց տիկ. Գայանեն։— Խնդրեմ փոքր֊ինչ համբերություն ունեցեք և դարձյալ նստեցեք ձեր տեղը։

Եվ նա առանց շտապելու, յուր հանդարտ քայլերով դուրս գնաց դեպի մյուս սենյակը։

Սմբատը, Իսկուհին և Գարեգինը գրեթե մնացին ապշած։ Նրանք ոչ մի խոսք չկարողացան արտասանել մինչև որ երկու րոպեից հետո տիկ. Գայանեն դարձյալ ներս մտավ։

Նա մոտեցավ Սմբատին և տալով նրան մի ինչ֊որ հաստ ծրար, ասաց.

— Գնացեք և բաժանեցեք ձեր պարտատերերին։

Սմբատը՝ բոլորովին ապուշ կտրած՝ մեկ նայեց ձեռքի ծրարին, մեկ նրան և մի քանի անգամ շուռ այդպես անելով, վերջապես ուզեց հայտնել յուր շնորհակալությունը, բայց տիկ. Գայանեն, նախքան նրա բերանը բանալը, հասկացավ, թե ինչ պիտի ասեր նա և այդ պատճառով չկամենալով ենթարկվել