այդ տանջանքին (որովհետև նա այնքան բարի էր, որ բոլորովին չէր սիրում, երբ նրան մի որևիցե բանի համար սկսում էին շնորհակալություն հայտնել), շտապեց ասել ժպտալով․
— Խնդրեմ, խնդրեմ․․․ առանց շնորհակալության, այդ փողը ձեզ չեմ նվիրում։
Եվ նա այս անգամ շտապով դուրս գնաց դարձյալ։ Իսկուհին, որ նոր հասկացավ, թե բանն ինչումն է, սաստիկ ուրախացավ և իսկույն վազելով նրա հետևից, բռնեց նրան մյուս սենյակում, գրկեց և ջերմ համբույրներով լցնելով նրա դեմքը, կանչեց․
— Մայրի՛կ, մայրի՛կ, ես որ միշտ ասում եմ, թե դու շատ բարի ես, դու հրեշտակ ես— ինձ չես հավատում․․․ Բայց ո՞վ տվավ քեզ այդքան գումարը։
— Ի՞նչ ես հարցնում․․․
— Ուզում եմ իմանալ։
— Այդ գումարը իմ բերած օժիտի մի մասն է, որ հայրդ վերադարձրել է ինձ, մեզ հետ այլևս գործ չունենալու համար։
Այնինչ Սմբատը սաստիկ զգացված մոտեցավ Գարեգինին, որ մինչև այդ րոպեն նույնպես ապուշ կտրած՝ նայում էր մոր հետևից, առավ նրա ձեռքը, ջերմ կերպով սեղմեց նրան և ասաց․
— Գարեգին, կհայտնես մորդ իմ շնորհակալությունը․․․
Եվ նա շտապով դուրս գնաց սենյակից։
Որդու՝ հոր առանձնասենյակից դուրս գալուց հինգ րոպե հետո, աղա Գրիգոր Մոսեիչի մոտ մտավ մոտ քսանևերկու տարեկան մի երիտասարդ։ Այնպիսի գեղեցկություն, որպիսին նրանն էր, ունենում են միայն կանայք և միայն կանայք են հագնվում այնպես կոկ և գեղեցիկ, որպիսին նա էր հագնված։
Դա երբեմն Թամամչյանի պատի տակ ընկած պատանին էր— Բարսեղը։ Մտնելուն պես նա բարի լույս մաղթեց աղա Գրիգոր Մոսեիչին և համբուրեց նրա ձեռքը։