նա ուներ մի այնպիսի հասակ և կազմվածք, որի նմանն ունենում են միայն քսան տարեկան արդեն հասունացած օրիորդները։ Գեղեցկության հետ նա ուներ հայ փափուկ սեռին ոչ հատուկ համարձակություն և բաց բնավորություն։ Եվրոպական «քաղաքականությունը» չէր կարող լինել դրա պատճառը, որովհետև կանանց կապանքներն արձակող այդ բարերար և միևնույն ժամանակ զորեղ ույժը այն ժամանակներում տակավին ներս չէր մտել Ղարաբաղի սահմանները, այլ այդ մի բացառություն էր հայ իգական սեռի դարավոր նահապետական սովորության և հատկության։ Ինչևիցե. բայց յուր այդ բաց և համարձակ բնավորության համար օրիորդ Փառանձեմին իրենց «ասիական խավարամտությամբ» բոլորն ատում էին, իբրև հայի սուրբ նահապետականությունը պղծող մի լիրբ աղջկա։ Ծնողները չար լեզուներին նյութ չդառնալու համար, որքան էլ աշխատում էին խրատներով զսպել նրան, բայց այդ խրատները նրա մի ականջից ներս էին մտնում և մյուսով— դուրս գալիս։
Մի օր ծնողները լսեցին, որ աղջիկը գիշերով փախել է մի աստիճանավորի հետ, որ շատ ժամանակ չէր, ինչ եկել էր նրանց քաղաքը մի ինչ֊որ առանձին պաշտոնով և բնակվում էր նրանց տան կողքին։ Այդ լուրը լսելուն պես հայրն յուր մարդիկներով ընկավ փախստական աղջկա հետևից և կիսաճանապարհին բռնելով նրան, ետ դարձրեց տուն չնայելով նրան փախցնող աստիճանավորի ընդդիմություններին։ Աստիճանավորը դիմեց դատարանին և այս անգամ օրենքով առավ աղջկան, որովհետև աղջիկը նրան սիրում էր և համաձայն էր նրա հետ գնալու։ Աղջիկը յուր սիրած աստիճանավորի հետ գնաց Թիֆլիս և պսակվեցավ նրա հետ։ Այնուհետև նա կոչվեց ոչ թե Փառանձեմ (որ նրա ամուսինը չէր կարողանում արտասանել), այլ Դարիա Կիրիլովնա։ Նա ունեցավ չորս զավակ (երկուսն երկվորյակներ), որոնցից բախտ ունեցավ մնալու այս աշխարհիս երեսին միայն մեկը- Օլյան։
Բայց ահա սկսվեց 1878֊ի ռուս֊թուրքական մեծ պատերազմը։ Ամուսինը գնաց պատերազմի դաշտ և այլևս չվերադարձավ, և խեղճ Դարիա Կիրիլովնան մնաց այրի յուր տասնևհինգ տարեկան Օլյայի հետ։
Ղարաբաղցի երբեմնի օրիորդ Փառանձեմը առաջին շաբաթներում