Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տարիներն անցնում էին, և խեղճ Օլյան քացախում էր միշտ օրիորդ մնալով։ Ո՛չ մի միջոց՝ գեղադեղերից սկսած մինչև արվեստական կերպով քայլելն ու խոսելը՝ չէր օգնում նրան փեսացուներ որսալու։ Արդյոք ճակատագի՞րն էր այդպես որոշել, թե ուրիշ բան էր դրա պատճառը, որովհետև, այնուամենայնիվ, լինում են տգեղ օրիորդներ, որոնք այսպիսի միջոցներով հասնում են իրենց նպատակին — այդ խեղճ Օլյան չէր կարողանում հասկանալ, միայն նա ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե կանգնում էր հայելու առաջ, նայում էր յուր դեմքին և սկսում էր սգալ, աղի արտասուք թափել (մանավանդ առավոտյան, երբ երեսը նոր էր լինում լվացած), տրտնջալով աստծո դեմ, որ նրան էլ ուրիշների պես գեղեցիկ չէր ստեղծել։

Աղջիկը գլխավորապես երկու դեպքում միայն բախտ կարող էր ունենալ ամուսնանալու. առաջինը՝ երբ գեղեցիկ է, և երկրորդ՝ երբ փող ունի (սակայն վերջին դեպքն ավելի հաղթող է հանդիսանում).— այդ երկու դեպքումն էլ, ասում եմ, աղջիկը միշտ կարող է հասնել յուր նպատակին, բայց ցավալին այն էր, որ խեղճ Օլյան ոչ այս ուներ և ոչ այն։ Մայրը, որ պակաս չէր մտատանջվում աղջկա անհաջողության մասին, հույսը դրել էր երկրորդ դեպքի վերա։— Բայց փո՞ղ.․․ իհարկե, նա յուր աղջիկը ոչ մի դեպքում չէր տալ (և Օլյան էլ լայեղ չէր անիլ) ոչ լոթի գրագրի և ոչ հասարակ աստիճանավորի։ Ի՞նչ աներ խեղճ այրի կինը— թոշակը քիչ էր, դոն-ժուանները բոլորը հեռացել էին, պարտք ուներ, առանց այն էլ պարտք շատ ուներ, և ոչ ոք էլ չէր տալ, իսկ տան թանկագին կահ-կարասիները նա ոչ մի դեպքում չէր ծախծխիլ։ Խեղճ Դարիա Կիրիլովնան ամեն հույս կտրած, թե ինքն երբևիցե կարող է փեսա ունենալ, ձեռքերը լվաց և ետ նստեց, ամեն բան բախտի բերմունքին թողնելով։

Եվ իրավ որ բախտը վերջապես հասավ նրան օգնության։

Ահա՛ թե ինչպես։

Թիֆլիսում ոչ մի մագազին չկար, որ ծանոթ չլիներ Դարիա Կիրիլովնային և նրա աղջկան։ Ի՞նչ ասել կուզե, որ այդ մագազիններից մի հայտնի տեղ էլ բռնում էր աղա Գրիգոր Մոսեիչի մագազինը, ուր Կիրիլովնան յուր աղջկա հետ միշտ