Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաճախում էր և միշտ իրեր էր գնում այնտեղից։ Աղա Գրիգոր Մոսեիչից բռնած մինչև ամենավերջին աշակերտը ծանոթ էին նրա և աղջկա հետ, իբրև մշտական հաճախորդների հետ։ Ծանոթ էր, իհարկե, և՛ Բարսեղը։

Մի անգամ Օլյան ուղղակի հայտնեց մորը, որ ինքը սաստիկ սիրահարված է Բարսեղի վերա և առանց նրան ապրել չէ կարող։ Այդ այն ժամանակն էր, երբ Դարիա Կիրիլովնան արդեն հույսը կտրել էր, թե յուր աղջիկն երբևիցե կարող է ամուսնանալ, և երբ Բարսեղն արդեն յոթերորդ տարին գտնվելով աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, մագազինում աղայից հետո երկրորդ տեղն էր բռնում։ Այդ էլ մի ուրիշ ցավ Դարիա Կիրիլովնայի համար, որովհետև, չնայելով որ նա ուրիշ անգամ ոչ մի կերպ չէր համաձայնիլ յուր աղջիկը գործակատարի տալու, բայց այժմ համոզված էր, որ, ընդհակառակը՝ գործակատարը չէր համաձայնիլ նրա տգեղ և անփող աղջիկն ուզելու, մանավանդ Բարսեղը, որ յուր տղա տեղովը հազար անգամ գեղեցիկ էր նրա աղջկանից և ընդնմին աղա Գրիգոր Մոսեիչի աչքի լույսը... Այդ նրան սաստիկ կատաղեցնում էր, իսկ մյուս կողմից նրան հանգիստ չէր տալիս սիրահարությունից գժված աղջիկը, որ բաց և համարձակ սպառնում էր թունավորել իրեն, եթե նա Բարսեղին անպատճառ չէր սիրահարեցնիլ յուր վերա և չէր ամուսնացնիլ յուր հետ (երևի նա մոռացել էր յուր տգեղությունը)։ Մայրը թե՛ ստիպված էր և թե՛ ավելորդ չհամարեց փորձել։

Մի անգամ նա գնաց աղա Գրիգոր Մոսեիչի մագազինը մի ինչ֊որ գնելու պատրվակով և երկար ժամանակ Բարսեղի հետ առանձնապես բարեկամացած քաղցր զրույց անելուց հետո ամեն կողմից գովեց նրան, հայտնեց, որ շատ ուրախ կլինի նրա պես մի երիտասարդ բարեկամ ունենալու և վերջիվերջո խնդրեց նրանից, որ մի անգամ, երբ կամենա, շնորհ անե յուր տուն։ Բարսեղը գործակատարներին հատուկ նուրբ թափանցողությամբ իսկույն ևեթ հասկացավ Դարիա Կիրիլովնայի գաղտնի մտադրությունր և նրա հրավերի նպատակը, իհարկե այն տեսակետից, ինչ տեսակետից, որ նա ճանաչում էր այդ կնոջը... նա ուրախանալով, որ իրեն համար զվարճության մի նոր տեղ ևս ավելացավ, խոսք տվեց և գնաց նախապես ստացած հասցեով։ Նրա առաջ դուրս եկավ