Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ի՞նչպես,— ավելի ու ավելի զարմանալով և մինչև անգամ վախենալով հարցրեց Բարսեղը։

— Ո՛չ, մի վախենաք, ես չեմ ասում, թե սպանեցեք նրան,— այդ թե՛ մեծ անմտություն կլինի և թե՛ մահապարտ հանցանք... Ո՛չ, դուք ուրիշ կերպ, ուրիշ միջոցով պիտի վրեժխնդիր լինեք, որը ձեզ համար այնքան հեշտ է, որպես հաց ուտելը, և բացի դրանից այնքան օգտավետ, որքան մի ահագին ջանք։

— Ի՞նչ պիտի անեմ, ես չեմ հասկանում...

— Դուք պիտի խլեք աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը,— ծանր և շեշտելով ասաց Դարիա Կիրիլովնան։

Բարսեղն այդ խոսքերի վերա միայն չռեց աչքերը, բացեց բերանը և գլուխն առաջ բերելով, ապուշի նման սկսեց նայել նրա դեմքին. նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։

— Դուք նայում եք ինձ սաստիկ զարմացած և ուզում եք հարցնել՝ ինչպե՞ս։ Ահա՛, թե ինչպես,— շարունակեց Դարիա Կիրիլովնան, ձայնին խորհրդավոր եղանակ տալով։— Դուք, իհարկե, աղա Գրիգոր Մոսեիչի սիրելին եք, նա ձեզ սիրում է այնպես, ինչպես յուր աչքի լույսը, և հենց այդ բանից դուք օգուտ պիտի քաղեք տիրանալու նրա բոլոր կարողությանը, այսինքն՝ այնպես պիտի անեք, որ նա յուր բոլոր կարողությունը ձեզ կտակե, կամ, ինչպես ասում են, ձեզ վերա հաստատե։

— Բայց... նա ժառանգներ ունի, տիկին... նա հարազատ որդիք ունի,— ասաց Բարսեղը։

— Գիտեմ, գիտեմ, բայց նա նրանց չէ սիրում, նրանց ատում է, որպես ամենաոխերիմ թշնամիներին...

— Դուք ի՞նչ գիտեք այդ։

— Շատ քիչ գաղտնիք կա, որ ծածուկ լինի ինձանից...

— Բայց մի՞թե օրենքով որդիքը չեն նրա ժառանգները, որոնց միայն պիտի պատկանի նրա կարողությունը... Նա կին էլ ունի...

— Դուք դեռ երիտասարդ եք և, ներեցեք ինձ, ոչինչ չեք հասկանում,— ժպտալով պատասխանեց Դարիա Կիրիլովնան։— Օրենքն այդտեղ ոչինչ գործ չունի. ամեն բան կախված է աղա Գրիգոր Մոսեիչի կամքից. ո՛ւմ կամենա, նրան