շատ հավանական կթվի—բոլորովին կկատաղի և, ես համոզված եմ, ջգրու կանե այդ բանը, այսինքն— յուր բոլոր կարողությունը ձեզ կկտակե։ Հասկացա՞ք ինձ։
— Այո՛,— պատասխանեց Բարսեղը, որ երկու ականջը չորս էր շինել։
— Բայց դժվար խնդիրը սրանումն է,— ասաց Դարիա Կիրիլովնան,— թե արդյոք ունի՞ք մի այդպիսի մարդ, որ աղա Գրիգոր Մոսեիչին մոտ լինելով հանդերձ, մոտ լիներ և ձեզ... Ունի՞ք. Վասիլի Պետրովիչ, այո՞։
— Այդպիսի մարդ... ո՞վ ունիմ,— ընկավ մտածմունքի մեջ Բարսեղը։— Ո՞վ կա... ոչ, չունիմ... Բայց ո՜չ, ունիմ, ունիմ,— հանկարծ ուրախությամբ կանչեց նա տեղից վեր թռչելով։— Այդպիսի մարդ ունիմ, Դարիա Կիրիլովնա, ունիմ...
— Ունի՞ք,— շտապով հարցրեց Դարիա Կիրիլովնան, նույնպես տեղից վեր կենալով։
- Այո՛։
- Ո՞վ է։
— Մեկը, որ առաջին անգամ... ծանոթացրեց ինձ աղա Գրիգոր Մոսեիչի հետ։
— Եվ այդ մարդը մոտ է ձեզ։
— Այո՛։
— Նույնպես և աղա Գրիգոր Մոսեիչի՞ն։
— Այո՛։
— Եվ դուք չե՞ք կասկածում այդ մարդու վերա։
— Ի՞նչ կողմից։
— Որ նա չի դավաճանիլ աղա Գրիգոր Մոսեիչին, և նրա շահերն ավելի աչքի առաջ կունենա, քան ձերը։
— Նա մի այնպիսի մարդ է, որ փողի համար կդավաճանե մինչև անգամ իրեն։
— Ուրեմն դուք վստա՞հ եք նրա վերա:
— Ես վստահ եմ փողի վերա, որով նրան ամեն բան անել կտամ։
— Դե՛հ, երբ որ այդպես է, խոստացեք նրան բավականաչափ գումար, եթե նա այդ գործը գլուխ կբերե։
— Օ՜, նա անպատճառ գլուխ կբերե այդ գործը,— կանչեց Բարսեղը։— Նա այնպիսի մի լեզու ունի, որ ինչ ասես,