Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանե... Շնորհակալ եմ. Դարիա Կիրիլովնա, շատ շնորհակալ եմ. դուք բացեցիք իմ աչքերս... Աղա Գրիգոր Մոսեիչին ես մի մազաչափ անգամ չեմ խղճալու... Ցտեսություն։ Ես շտապեմ հենց այսօր ևեթ տեսնելու իմ ասած մարդուն, որովհետև ուրիշ անգամ ժամանակ չեմ ունենալ։

— Սպասեցե՛ք, մի բան էլ ունիմ ասելու ձեզ,— պահեց նրան Դարիա Կիրիլովնան։— Մինչև գործի գլուխ գալը, աղա Գրիգոր Մոսեիչի հետ դուք պիտի վարվիք այնպես, ինչպես մինչև օրս էիք վարվում և ոչ մի բանով նրան կասկածելու տեղիք չպիտի տաք, որ իբրև թե դուք այդ բանի մասին մի մազաչափ անգամ տեղեկություն ունիք, հասկանո՞ւմ եք դուք ինձ։

— Այդ ես գիտեմ, Դարիա Կիրիլովնա, այդ ես գիտեմ...

Եվ Բարսեղն անհամբերությամբ սեղմելով նրա ձեռքը, ուզում էր շտապով դուրս գնալ, երբ հանկարծ մյուս սենյակից յուր ծանր ոտներով հատակը դնգդնգացնելով ներս ընկավ Օլյան և փաթաթվելով նրա վզովը, կանչեց.

— Վա՛սյա, Վա՛սյա, դու արդեն գնո՞ւմ ես... այսպես շո՞ւտ... վերջացրի՞ք ձեր գաղտնի խոսակցությունը։

— Այո, սիրելիս, այո,— կամաց, բայց հազիվ ազատվելով նրա ահագին, ծանր գրկից, ասաց Բարսեղը։— Այժմ շտապով գործ ունիմ և երեկոյան դարձյալ կգամ։

— Այո, երեկոյան անպատճառ եկեք և լուր բերեք, թե ինչպես է գնում գործը,— ասաց յուր կողմից Դարիա Կիրիլովնան։

— Անպատճառ կգամ, անպատճառ...

Եվ Բարսեղն այս անգամ համբուրելով թե՛ մոր և թե՛ աղջկա ձեռքը, շտապով դուրս գնաց սենյակից։

— Բայց տեսեք, Վասիլի Պետրովիչ, շատ զգույշ վարվեցեք,— կանչեց նրա հետևից Դարիա Կիրիլովնան։

Ը

Ամբողջ ութ տարի գտնվելով աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, Բարսեղը տակավին ոչ մի անգամ մտքովը չէր անցրել, թե ինքն երբևիցե կարող է տիրանալ նրա կարողության կամ նրա ժառանգը դառնալ, որովհետև չնայելով կյանքի և վաճառականական