հանեցիր,— պատասխանեց Բարսեղը ներս մտնելով խրճիթը։— Այնքա՜ն ծեծեցի, որ հոգիս դուրս եկավ, հազար տարվա խուլ լիներ— կլսեր, քեզ ի՞նչ էր պատահել:
— Ներեցեք, ես քնած էի։
— Քնա՞ծ։
— Այո:
— Այս ժամանակ կքնե՞ն. արդեն կեսօր է։
— Ի՜նչ արած, եթե ես էլ ձեզ պես երիտասարդ լինեի և ձեզ պես իմ գրպանն էլ փողով լի լիներ, ես գիշերներն էլ չէի քնիլ, չէ՛ թե ցերեկը։ Բայց ես մի ծեր, աղքատ, պարապ մարդ եմ, որի համար ցերեկը ոչնչով չի զանազանվում գիշերից։ Ես այն ժամանակն եմ զարթուն լինում, երբ գրպանումս փող կա, հակառակ դեպքում ես միշտ քնած եմ լինում։
— Ուրեմն այսօր փող չունիս, որ քնել էիր:
— Մի գրոշ անգամ, մի գրոշ... Երեկվանից դես քաղցած սատկում եմ... Քաղցն էլի ոչինչ, գլխավորը օղի չունիմ, օ՛ղի... Նայեցեք՝ խեղճ շիշս դատարկ է... Այդ ա՛յն շիշն է, հիշո՞ւմ եք... երբ առաջին անգամ Թամամչյանի քարվանսարայի պատի տակից սառած ու սոված բերի ձեզ այստեղ և հաց պանիր տվի ձեզ ուտելու... այն հաց ու պանիրը դրված էր այստեղ, այս շշի կողքին, հիշո՞ւմ եք... Հա՛յ գիդի, հա՛... հիշո՞ւմ եք, թե ինչ դրության մեջ էիք այն ժամանակ, սառած, կապտած, շոր չունեիք հագներդ, սարսափելի կոնկոռնում էիք, ասում էիք, որ ամբողջ երեք օր ոչինչ չէիք կերել... իսկ ա՞յժմ— այժմ գեղեցիկ, կոկ հագնված եք. տաք, կուշտ, դեմքդ վարդի պես կարմիր, գրպաններդ փողով լի և ապրում եք, ինչպես թագավոր, ոչ ցավ ունեք, ոչ դարդ... Եվ այդ բոլորի համար ո՞ւմն եք պարտական— իհարկե ինձ և միայն ինձ... Այդպե՞ս է, թե ոչ։
— Այդպես է, այդպես, Սարգիս, այդպես է, — պատասխանեց ժպտալով Բարսեղը, որ արդեն նստել էր մեզ ծանոթ անմեջք աթոռի վերա, նույնպես հին սեղանի մոտ։
— Փա՛ռք աստծո, որ այդ չեք ուրանում,— ասաց Սարգիսը, որ բոլոր այդ ժամանակ մի տեսակ ողորմելի դրություն էր ընդունել։— Եվ հավատացած կացեք, որ ձեր կյանքով պարտական եք և պարտական պիտի լինիք միայն ինձ,