Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիտել և անմիտ հայացքը հառել Գրիգորի շրթունքներին: Բայց չանցավ մի քանի րոպե, երբ հանկարծ նա երկու ձեռքով պինդ զարկեց ծնկներին, վեր թռավ տեղից, իրեն ներքև գցեց և ուզեց դուրս փախչել։

Խելագար աղջկա այդ նոր վարմունքի վրա խրճիթում տիրող հանդիսավոր սպասողական դրությունը մեկեն սոսկալի ժխորի փոխվեց։ Սարսափահար ամբոխը ճիչ ու աղաղակով գցեց իրեն դեպի դուռը, բայց դուռն այնքան փոքր էր և ամենքն այնքան ճխտված էին իրար, որ համարյա ոչ ոք չկարողացավ իսկույն տեղից շարժվել, բացի դռան մոտ կանգնածներից, որոնք դուրս փախան գլխապատառ։ Մինչև որ մյուսների համար էլ ճանապարհ կբացվեր դուրս փախչելու, Օսանը և մի քանի ուրիշ սրտոտներ բռնեցին խելագարին, որ փորձում էր կծել նրանց ձեռքերը, տարան նորից նստեցրին թախտի վրա և գրբացի հրամանով թոկով կապեցին նրա ձեռքերը հետևից։

Խրճիթը դատարկվեց թամաշաչի կանանցից և երեխաներից։

— Դուռը կողպեցեք, էլ օչ ովի չթողաք մտնի,— հրամայեց գրբաց Գրիգորը, որ այժմ լուրջ և մտազբաղ կերպարանք էր առել։— Ի՞նչ ա. մայմուն խո չե՞ն խաղացնում ըստեղ։

Դուռը փակվեց։ Խրճիթում մնացին, բացի իրեն Գրիգորից, խելագարից և նրա ծերունի հորից, Օսանը և այն մի քանի սրտոտները, որոնք բռնել էին Մարթային։

* * *

Գրբաց Գրիգորը նստեց իր առաջվա տեղը, Մարթայի առջև, և նորից սկսեց թերթել «Սողոմոնի գիրքը»: Խելագարն այժմ նստած էր առաջվա պես հանգիստ, առանց նույնիսկ բողոքելու, որ ձեռքերը կապել են։ Խրճիթում առժամանակ կատարյալ լռություն էր տիրում։ Այնինչ դրսից լսվում էր կանանց ամբոխի ղժվժոցը, երեխանց կանչն ու աղմուկը։ Փոքրիկ պատուհանը ծեփվել էր դրսից ներս նայող հետաքրքիր դեմքերով ու պսպղուն աչքերով, այնպես որ առանց այն էլ կիսախավար խրճիթը համարյա թե մթնել էր։