— Ի՞նչ գործ, ի՞նչ գործ,— անհամբերությամբ կանչեց «շատ լավ մարդը» ուրախությունից չռած աչքերը հառելով նրա վերա։
— Որ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը հենց յուր ձեռքով ինձ վերա հաստատել տաս։
— Ի՞նչ եք ասում,— սաստիկ զարմացած մի քանի քայլ ետ գնաց Սարգիսը։
— Ի՞նչ է, այդ քեզ անկարելի՞ է թվում...
— Որ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը հենց յուր ձեռքով հաստատել տամ... բայց մի՞թե ես այդ կարող եմ...
— Սարգի՛ս, այդ քեզանի՞ց եմ լսում,— իրեն զարմացած ձևացնելով ասաց Բարսեղը՝ նրա գլուխը յուղելու համար։
— Դու քեզ վերա կասկածո՞ւմ ես․ ապա ինչի՞ համար է այդ լեզուդ, որ այդպիսի չնչին գործը չես կարող գլուխ բերել․․․ ճշմարիտն ասած, այդ բանը քո կողմից ես բոլորովին չէի սպասում, բոլորովին․․․ Սարգիսն ուշքի ընկավ, նա տեսավ, որ այդպես խոսելը ձեռնտու չէ իրեն, մանավանդ, երբ հիշեց «հարյուրավոր ռուբլիները», և հանկարծ փոխելով խոսակցության եղանակը, ասաց ժպտալով․
— Ես այնպես ասացի... և դուք էլ հավատացի՞ք։ Այն ինչ գործ պիտի լինի, որ ես— Սարգիսս, դալալ Սարգիսս չկարողանամ գլուխ բերել։ Ոչ թե աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը, այլ եթե բոլոր աշխարհն էլ ուզենաք, ձեզ վերա հաստատել կտամ․․․
Բարսեղն ազատ շունչ առավ։
— Ո՛չ, Սարգիս,— ասաց նա, — բոլոր աշխարհը քեզ մնա, այլ ինձ վերա հաստատել տուր միայն աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը։
— Շա՛տ բարի։ Այժմ ասացեք ինձ, թե ինչ եղանակով պիտի գործեմ։
Բարսեղն սկսեց սովորեցնել այն եղանակը, որ լսել էր Դարիա Կիրիլովնայից։
— Հը՛, ինչպե՞ս է, խելքումդ նստո՞ւմ է, թե ոչ,— հարցրեց նա վերջացնելուց հետո։