Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՛հ, դա հիմար բան է,— ասաց Սարգիսը, որ մեծ ուշադրությամբ լսում էր նրան։— Այդպիսով ամեն բան կարելի է անել... Հավաստի կացեք, որ այս օրվանից աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը ձերն է...

— Ուրեմն այդպե՞ս, այդ եղանակով կարելի՞ է հասնել նպատակին,— ուրախությամբ կանչեց Բարսեղը, տեղից վեր կենալով:

— Այդ մասին դուք անհոգ կացե՛ք և ամեն բան այսուհետև թողեք ինձ վերա,— յուր գործը հասկացող մարդու նման ասաց Սարգիսը,— բայց,— ավելացրեց նա լուրջ դեմք ընդունելով,— ինձ ինչքա՞ն եք խոստանում։

— Այդ իմ խղճի վերա թող։

— Ո՛չ, խիղճն ավելորդ է այստեղ. հենց հիմիկուց բարիշենք և սկսենք գործը։— Որքա՞ն եք խոստանում։

— Ո՛րքան ուզում ես, դեռ մի գործը գլուխ բեր...

— Գործը գլուխ բերելու մասին ավելորդ է խոսել, բայց դուք այս որոշեցեք, թե որքան պիտի տաք ինձ։

— Դե՜հ, ասում եմ, էլի՜. որքան ուզում ես...

— Եթե իմ կամքի վերա թողնեք, ես կասեմ— ամբողջ կարողությունը։

— Հարյուր ռուբլի... երկու հարյուր ռուբլի... հարյուր հիսուն ռուբլի...

— Երեխա՞ եք կարծում ինձ, ի՞նչ է,— ասաց ժպտալով Սարգիսը։

— Երեք հարյուր ռուբլի... չորս հարյուր... հինգ հարյուր...

Սարգիսը ժպտալով միայն գլուխը շարժում էր։

— Բա՞ս,— վերջապես կանչեց Բարսեղը, որի լեզուն այլևս չէր զորում առաջ գնալ։

— Ուղիղ հազար ռուբլի,— կտրական կերպով պատասխանեց Սարգիսը։— Հազար ռուբլի կտաք, կսկսեմ գործը, չեք տալ՝ ես ինձ համար, դուք ձեզ համար։

— Գնա՜, տվել եմ,— կանչեց Բարսեղն այն վճռականությամբ, որ ձեռք է բերվում երկար տատանմունքից հետո։ Տվել եմ, տվել, Սարգիս... Բայց ե՞րբ կգնաս աղա Գրիգոր Մոսեիչի մոտ։