Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Նա է— Սարգիսը... և այժմ խոսում են այնտեղ,— խոսում էր նա ինքն մի անկյունից մյուս անկյունը քայլելով։— Օ՜, եթե այս գործը հաջողվեց, այն ժամանակ, հը՛, այն ժամանակ»..․

Նա ժպտաց և նստեց աթոռի վերա՝ սեղանի մոտ։ Մի քանի րոպե մտախոհ նա մնաց անշարժ նստած տեղում և աչքերը հառած մի կետի վերա, հետո վեր կացավ և դարձյալ սկսեց քայլել։ Անհամբերությունից նա չգիտեր ինչ աներ։ Շուտ֊շուտ մոտենում էր կիսաբաց դռանը և նախասենյակը ու ականջ էր դնում, թե Սարգիսը խո չէ՞ դուրս գալիս աղա Գրիգոր Մոսեիչի մոտից։ Նախասենյակից երկար ժամանակ ոչինչ չէր լսվում, մինչև որ, վերջապես, լսվեցան ինչ֊որ կոպիտ քայլերի ձայներ, որոնց Բարսեղը վերագրեց «շատ լավ մարդու» ոտներին։ Ուրեմն նա արդեն վերջացրել էր յուր փաստաբանությունը և տուն էր գնում։ Բարսեղը կիսաբաց դռնից գլուխը կամաց դուրս տարավ և շնորհիվ նոր վառած լամպարի— որովհետև մութն արդեն ընկել էր— տեսավ, որ իրավ այն Սարգիսն էր, որ սանդուղքներով իջնում էր։ Նա գլուխը դարձյալ ներս քաշեց։

«Այժմ պետք է մտնել աղա Գրիգոր Մոսեիչի մոտ,— ասաց նա ինքն իրեն։— Բայց ոչ, փոքր-ինչ սպասեմ, հետո»...

Մի կերպ մի քանի րոպե էլ սպասելով, վերջապես նա դուրս եկավ և գնաց դեպի Գրիգոր Մոսեիչի սենյակները։

Մտնելով առանձնասենյակը, տեսավ վերջինիս նստած բազկաթոռի վերա։ Խորին և վատ մտածմունքները, ըստ երևույթին, պաշարել էին նրան, նրա դեմքը գունատ էր և սաստիկ խոժոռված էր, որից և երևում էր, որ փոքր-ինչ առաջ նա վերին աստիճանի կատաղել էր։ Նա չլսեց Բարսեղի մտնելը, բայց երբ վերջինս նրան բարի երեկո մաղթեց, նա հանկարծ գլուխը բարձրացրեց և նայեց նրա դեմքին։ Նա ոչ մի խոսք չարտասանեց։

— Ի՞նչ է պատահել ձեզ, աղա Գրիգոր Մոսեիչ,— իրեն զարմացած ձևացնելով, հարցրեց Բարսեղը, որի սիրտը նրան այդ դրության մեջ տեսնելուն պես՝ ուրիշ կերպ էր սկսել տրոփել։