Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ նայելով տեսավ, որ նա երևում է պատի մեջ գտնված ծակից. ուրեմն հարևան տանը ճրագ էր վառած։ Նրա հետաքրքրությունը շարժվեցավ և որովհետև Սարգսին երկար սպասելուց արդեն թե՛ ձանձրացել և թե՛ համբերությունից դուրս էր եկել, նա ավելորդ չհամարեց իմանալ, թե ովքեր են հարևան տան բնակիչները, եթե միայն կային այնտեղ բնակիչներ, որովհետև այնտեղից ոչ մի ձայն չէր լսվում։ Նա վեր կացավ, վերցրեց աթոռը, կամաց֊կամաց տարավ, դրեց պատի տակ, որի ծակից երևում էր լույսը և կանգնեց վերան, որովհետև ծակը բարձր էր և առաստաղից փոքր-ինչ ցած։ Նա ձախ աչքը մոտեցրեց ծակին և ներս նայելով տեսավ հետևյալը։

Ճրագը, որն, ըստ երևույթին, դրված էր գետնին և որին Բարսեղը չէր տեսնում, աղոտ կերպով լուսավորում էր մի խրճիթ, որ ոչնչով չէր զանազանվում Սարգսի խրճիթից։ Խոնավ գետնին տարածված մի կոպիտ կապերտի վերա— անկողին, որի մեջ պառկած էր մի կին։ Չնայելով որ նրա դեմքը Բարսեղի կողմն էր, բայց վերջինս չէր կարողանում որոշել նրա գծերը, թե արդյոք ինչպիսի՞ կին էր նա՝ ջահել, թե ծեր, որովհետև բարձը խանգարում էր հետևում և, ըստ երևույթին, հեռու դրված ճրագի լույսն ընկնելու նրա դեմքին։ Պառկած կինը հիվանդ էր երևում, որովհետև խրճիթի լռության մեջ լսվում էր նրա ծանր շնչառությունը։ Նրա կողքին ձեռքերը կրծքի վերա խաչած, աղքատ շորերով և գլխին մի սպիտակ թաշկինակ կապած՝ նստած էր մոտ տասնևհինգ տարեկան մի աղջիկ։ Ճրագի աղոտ լույսն ուղղակի ընկնում էր նրա դեմքին։ Այդ դեմքը գեղեցիկ էր, հեզ և քնքուշ, բայց դժգույն և մաշված, որպես թշվառության անմեղ զոհի դեմքը։ Սիրուն, տխրամած աչքերը, որոնք մի ինչ-որ բութ, անզգա հայացքով նայում էին հիվանդի դեմքին, լցված էին արտասուքի կաթիլներով, որոնք ճրագի լույսից պսպղում էին, որպես հեռավոր փոքրիկ աստղիկներ մութ երկնքի վերա։ Նա նստած էր, կարծես, արձանացած և արտասվալից աչքերը բնավ չէր հեռացնում հիվանդի դեմքից։

— Ջուր... ջուր,— հանկարծ լսվեց հիվանդի թույլ ձայնը, և նա գլուխը մեծ դժվարությամբ բարձրացրեց։