Աղջիկն իսկույն վերցրեց առջևը դրված ջրով լի բաժակը և մոտեցրեց նրա շրթունքներին։
Մի րոպե ճրագի լույսն ընկավ հիվանդի դեմքին, և Բարսեղը տեսավ, որ նա միջահասակ մի կին է, որի այտոսկրները հիվանդությունից սուր֊սուր դուրս էին ցցվել, իսկ խոր ընկած մեծ֊մեծ բացած աչքերը փայլում էին մի ինչ֊որ արտասովոր ֆոսֆորային փայլով։ Նրա ողջ դեմքը վառվում էր, որից և երևում էր, որ նա հիվանդ էր ջերմով։
Ամբողջ բաժակը սաստիկ ագահությամբ խմելուց հետո նա նորից թուլացած ընկավ բարձի վերա, և խրճիթի լռության մեջ լսվեց նրա ծանր շնչառությունը։ Աղջիկը դատարկ բաԺակը վայր դրեց և նորից յուր առաջվա դրությունն ստացավ։
Արդյոք Բարսեղի սրտի մեջ արդեն մեռա՞ծ էին բոլոր քնքուշ, գեղեցիկ զգացմունքները, թե նրա միտքը դարձյալ զբաղված էր յուր գործով, որ այդ տեսարանը նրա վերա նույն ազդեցությունն ունեցավ, ինչ ազդեցություն որ ունենում է թատրոնական բեմի վրա ներկայացվող մի կենդանի պատկեր հանդիսատեսի վերա— այդ հայտնի չէ, միայն նա այլևս ոչինչ չուզեց տեսնել և իջավ աթոռից։ Նույն րոպեին խրճիթի ճռճռան դուռը բացվեցավ, և մեկը քթի տակ մի ինչ-որ երգ եղանակելով, մտավ ներս։
— Սարգի՞ս,— կանչեց իսկույն Բարսեղը, որին խրճիթի մթության մեջ այդ մռմռոցը առաջին նվագ բավական վախեցրեց։
— Ա՜, արդեն եկե՞լ եք,— հարցրեց մտնողը, որ ինքը Սարգիսն էր։
— Այո՛, եկել եմ․․․ Բայց ի՞նչ եղար այսքան ժամանակ... Նո՞ր ես գալիս։
— Ո՞րտեղից։
— Աղա Գրիգոր Մոսեիչի մոտից։
— Է՛, հա՛, նրա մոտից վաղուց եմ եկել, օղետնից նոր եմ գալիս․․․ Ձեր կենացը երկու բաժակ եմ անուշ արել, հավատացեք, իսկ սիրելի շիշս լցնել եմ տվել, տեսնո՞ւմ եք։
Նա վերև բարձրացրեց ձեռքին բռնած շիշը, ցույց տալու համար այն Բարսեղին, բայց Բարսեղն, իհարկե, ոչինչ չտեսավ,