Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև խրճիթում այն աստիճան մութն էր, որ մինչև անգամ միմյանց չէին տեսնում։

— Բայց ի՞նչ լուր ես բերել, Սարգի՛ս,— անհամբերությամբ հարցրեց Բարսեղը։

— Իսկույն կասեմ, բարեկամ, իսկույն. դեռ մի սիրելի շիշս տեղը դնեմ,— ասաց Սարգիսը և քայլերի ձայնից երևում էր, որ մոտենում է թարեքին։

— Հե՛յ, այժմ ուրախ ես, հա՞, որ փորդ տռզել ես... շնորհակալ եղիր ահա այս պարոնից, որովհետև եթե սա այսօր ինձ չորս ռուբլի չբախշեր, դու դարձյալ այդտեղ դատարկ փորով սատկելիս կլինեիր։

Նա խոսում էր շշի հետ։

— Բայց, ի սեր աստծո, Սարգիս, ճրագ վառիր, սիրտս պատռվեց,— կանչեց Բարսեղը։

— Ճրագ չունիմ, սիրելիս. աղքատ մարդուն ճրագ ո՞վ կտա...

— Տունդ չքանդվի, բայց այս մթնումը ի՞նչպես ես ապրում։

— Վա՜հ, այստեղ խո միշտ այսպես մութ չի՞ լինում։ Ցերեկը լույս է լինում, իսկ գիշերը — մութ։

— Ես էլ, իհարկե, գիշերն եմ ասում։

— Է՛հ, ինչ եմ անում գիշերը ճրագ, կին չունիմ, որդիք չունիմ. գործ էլ չունիմ գիշերը կատարելու․ մի օղի ունիմ ածելու և խմելու, իսկ այդ մթնումն էլ հեշտ է անել, ահա՛ այսպես։

Լսվեց շշի և բաժակի միմյանց դիպչելու ձայնը։

— Բայց չե՞ս վախենում, որ օղին թափվի,— հարցրեց Բարսեղը։

— Ո՛չ, օղին ածելիս ես երբեք չեմ թափիլ, իսկ ուզո՞ւմ եք իմանալ, թե ի՞նչպես եմ անում, որ չթափվի։ Ահա այսպես. մեծ մատս փոքր-ինչ ներս եմ կոխում բաժակի մեջ և սկսում եմ ածել օղին, երբ մատս դիպչում է օղիին, իմանում եմ, որ բաժակը լցվել է և իսկույն շիշը հեռացնում եմ բաժակից, դնում եմ տեղը և այնուհետև մոտեցնում եմ բերանիս, կոնծում եմ... Ձեր կենացը... Օխա՜յ, սրտիս նստեց... Տեսնո՞ւմ եք, ես միշտ այսպես եմ անում։