Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարսեղն, իհարկե, ոչինչ չէր տեսնում, բայց նրա խոսքերից իմանում էր, որ նա օղին ածեց, շիշը տեղը դրեց և խմեց. իսկ վերջը լսվեց, թե ինչպես բաժակը թրխկացնելով նա տեղը դրեց։

— Համբերությունս հատավ, Սարգիս...

— Որ ճրագ չկա վառած։

— Ո՛չ, թե ինչ լուր ես բերում ինձ համար։

— Հա՛, լուր բերելով, գեղեցիկ և հիանալի լուր եմ բերում ձեզ համար...

— Իրա՞վ,— ուրախությամբ կանչեց Բարսեղը։

— Այո։ Իսկ թե ինչ լուր, ես ձեզ իսկույն կպատմեմ գլխից։ Այստեղից նախ գնացի օղի կոնծեցի, ճաշ կերա, որովհետև շան պես քաղցած էի, հետո դես֊դեն թրև եկա, մինչև որ լրացավ ժամի հինգը. այնուհետև ուղղակի դիմեցի դեպի աղա Գրիգոր Մոսեիչի տունը։ Շվեյցարը տեսնելով իմ աղքատ շորերս, չէր ուզում ներս թողնել, բայց ես ասացի, որ շատ ու շատ հարկավոր գործ ունիմ աղայի հետ և անպատճառ պիտի տեսնեմ նրան։ Նա իմ անունս հարցրեց, գնաց վերև և մի րոպեից հետո վերադառնալով, ասաց, որ կարող եմ մտնել։ Մտա։

— Ի՞նչ ես այդպես երկարացնում,— անհամբերությամբ կանչեց Բարսեղը։— Ասա՛ այն, ինչ որ պետք է։

— Չէ՛, փոքր-ինչ համբերություն պետք է ունենաք, այդպես լավ չէ։ Մի բան մանրամասնաբար իմանալ ավելի լավ է, քան կարճ կերպով, բացի այդ, մի բան հանկարծ իմանալը վատ է։ Լսեցեք, շարունակում եմ։ Եվ այդպես, մտա։ Աղա Գրիգոր Մոսեիչն ընդունեց ինձ ուրախ կերպով և հարցրեց՝ որտեղ եմ, չեմ երևում։ Ես պատասխանեցի— գլխարկիս տակն եմ և իմ միղը չէ, որ ինքն ինձ չի տեսնում։ Նա ծիծաղեց և ասաց, որ նստեմ աթոռի վերա։ Նստեցի։ Այնուհետև նա հարցրեց, թե ինչի համար եմ եկել, և սկսեցի պատմել․․․ Պատմեցի այն նախագծով, որ դուք ինձ սովորեցրիք, հետևելով նրա բոլոր կետերին, բացի մեկից, որին փոխեցի այնպես, ինչպես ես ավելի հարմար դատեցի, այն է՝ փոխանակ ասելու իմ կողմից, որ նրա կինն ու որդիքը շատ կարելի է թունավորեն նրան, որպեսզի նա ժամանակ չունենա յուր կարողությունը ձեզ վերա հաստատելու, այլ իրենց մնա, ես