Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու նոր էր սկսել գրբաց Գրիգորը համապատասխան աղոթքը քթի տակ փնթփնթալ, երբ Մարթան նորից գժության նշաններ ցույց տվավ։ Սկզբում ձեռքերը ձիգ ու միգ արավ, որ կապանքից ազատի, հետո տեսնելով, որ չի կարողանում, սկսեց ոտները բալդի-բալդի անել, ոլոր-մոլոր գալ և բղավել ու անիծել:

Գրիգորը գլուխը երերեց, գիրքը ծածկեց և վեր կացավ։

— Տե՛ս, տե՛ս, ինչ են անում նզովվածները,— ասաց նա խորհրդավոր կերպով, դիտելով Մարթայի խելագար շարժումները։— Ետ արեք ձեռքերը, բալքի հանգստանա։

Մարթայի ձեռքերը ետ արին, և իսկապես որ նա հանգստացավ և այժմ սկսեց միայն լաց լինել:

— Բա ես գրբաց Գրիգորը չեմ ըլի, թե որ թողնեմ էս խեղճին ըտենց չարչարեք,— ասաց Գրիգորը նույն խորհրդավոր եղանակով՝ հայտնի չէ ում հասցեին, և հրամայեց, որ մի թաս ջուր բերեն։

Թասով ջուրը բերին։ Գրիգորն առավ և դրեց թախտի վրա, Մարթայի առջև։

— Մի պստիկ ըրեխա չկա՞, կանչեցեք գա։

Օսանը դուռը բաց արեց, դրսից ներս կանչեց թաղի երեխաներից մեկին, որի հագին բացի մի կեղտոտ շապիկից ուրիշ բան չկար, և շտապեց դուռը նորից փակել մի քանի կանանց երեսին, որոնք օգտվելով այդ հանգամանքից, ուզում էին ներս պրծնել։

Գրիգորը երեխայի ձեռքից բռնեց, տարավ նստեցրեց թախտի վրա և թասով ջուրը քաշեց նրա առջև։

— Իստակ մում չունե՞ք, բերեք մի ջուխտ։

Թորոսը դողդոջուն ձեռքերով թարեքից հանեց երկու հատ դեղին լղարիկ մեղրամոմ, որից նա ամեն կիրակշտեքին վառում էր իր դազգահի վրա, և տվավ գրբացին։

Գրիգորը մոմերը կպցրեց թասի պռնկին իրար դիմաց և դարձավ ներկաներին՝ դեմքի անսովոր խորհրդավոր արտահայտությամբ։

— Բա ասիլ չեք, էս խեղճի փորը սատանեք են մտել...

— Ո՞նց թե սատանեք,— դուրս թռավ ամենքի բերանից։

— Սատանեքը ո՞նց կըլեն. պոզավոր ու պոչավոր, իսկական սատանեք եմ ասում, հանաք չկարծեք։