ուղղակի ասացի.— նրանք մտադիր են ձեզ թունավորել, աղա Գրիգոր Մոսեիչ...
— Ի՞նչ ես ասում,— կանչեց Բարսեղը,— չէ՞ որ նա քեզանից ապացույց կպահանջեր... Չասա՞ց, թե ո՞վ է քեզ այդ ասել կամ թե ո՞րտեղից գիտես դու այդ...
— Ես պատասխանեցի, որ ես ամեն բան գիտեմ և ոչ մի գաղտնիք չի լինիլ, որ ինձ հայտնի չլինի։
— Հետո նա քեզ հավատա՞ց...
— Ես այնպես չսկսեցի և այնպես չվերջացրի, որ նա ինձ չհավատար։
— Բայց վերջը, վերջն ի՜նչ...
— Վերջը նա սաստիկ կատաղեց և ասաց. «Լավ, տեսնենք, թե ինչպե՞ս են թունավորում նրանք ինձ և տեսնենք, թե իմ բոլոր կարողությունը ո՞ւմ կմնա,— նրա՞նց, թե՞ նրան, որին ես եմ կամենում»...
— Ուղի՞ղ, ուղի՞ղ ես ասում, Սարգիս,— սաստիկ ուրախությամբ իսկույն կանչեց Բարսեղը։
— Բաս սո՞ւտ եմ ասում...
— Հետո՞, հետո ի՞նչ, Սարգիս...
— Հետո նախազգուշացնելուս համար ինձ մի ռուբլի բախշեց և ասաց, որ դուրս գնամ. ես էլ դուրս եկա։ Եկա տուն և լավ համարեցի մինչև ձեր գալը սիրելի շիշս ձեռաց տանել օղետուն, լցնել տալ և բերել. իսկ դուռը բաց թողեցի, որպեսզի, ով գիտե, եթե ուշանայի, դուք ուղղակի ներս մտնեիք և ներսը սպասեիք ինձ, ինչպես և արել եք։
Բարսեղն այլև ոչինչ չէր լսում, նա ինքն էլ չէր իմացել, թե ինչպես մոտեցել էր դռանը։
— Բարի գիշեր, բարի գիշեր, Սարգիս, շնորհակալ եմ,— կանչեց և դուրս գնաց։
— Վա՛հ, արդեն գնում եք,— պոռաց նրա հետևից Սարգիսը։— Հազար ռուբլիս չմոռանաք, թե չէ...
Անցավ մի շաբաթ։
Այդ բոլոր ժամանակամիջոցում աղա Գրիգոր Մոսեիչի տրամադրությունը շատ վատ էր։ Նա մագազին չէր գնում և