որ ինքը բոլորովին չէ խաբել նրան։ Բարսեղն այնուամենայնիվ չհավատաց և անարգելով նրան, հեռացավ նրանից։
Ամեն երեկո նա ժամանակ էր գտնում գոնե մի քանի րոպեով տեսնվելու Դարիա Կիրիլովնայի հետ և հայտնելու նրան աղա Գրիգոր Մոսեիչի դրությունը, ընդնմին ասելով, որ անհուսալի է նրանից մի բան սպասել։ Բայց Դարիա Կիրիլովնան այնպիսի հաստատակամ կիներից էր, որոնք մի բան իրագործված տեսնել չեն շտապում և ամեն բանի, ամեն երևույթի վերա նայում են իրենց հատուկ խելքով։ Նա աղա Գրիգոր Մոսեիչի դրությանը ուրիշ բացատրություն էր տալիս, ասելով, որ նա իբր թե անվճռական մարդ է և տակավին մտածում է, թե ի՞նչպես վարվի յուր կարողության հետ, որի հետ միայն կապված են նրա սիրտն ու հոգին։ Դարիա Կիրիլովնան ավելացնում էր, որ աղա Գրիգոր Մոսեիչն ի սրտե է ատում կնոջն ու որդոցը և թե՛ հավատում է, և թե՛ սպասում, որ նրանք կարող են նրան թունավորել կարողությունն իրենց կողմը քաշելու համար, բայց միևնույն ժամանակ նա չէր ցանկանում յուր կարողությունից հանկարծ զրկվել, նրան ուրիշի վերա հաստատելով, չնայելով, որ այդ ուրիշն յուր «որդեգիրն» է։ Դարիա Կիրիլովնան այդ բացատրությունից հետո ասում էր Բարսեղին, որ նա սպասե մինչև որ աղա Գրիգոր Մոսեիչը դուրս կգա յուր անվճռականությունից և մի բան կվճռե, իսկ այդ բանն անպատճառ այն կլինի, որ նա յուր բոլոր կարողությունը նրա վերա կհաստատի։
Բարսեղն այդ խոսքերից սկսում էր հուսալ և սպասել։
Մի անգամ առավոտյան, նախքան մագազին գնալը, Բարսեղն յուր սովորության համեմատ մտավ աղա Գրիգոր Մոսեիչի մոտ միասին թեյ խմելու։ Աղա Գրիգոր Մոսեիչը խալաթով նստած էր մեծ բազկաթոռի վերա։ Չափազանց մտատանջությունից նա բավական նիհարացել էր, իսկ այդ առավոտ ավելի գունատ էր։
— Ի՞նչի դուք այդպես գունատ եք այսօր, աղա Գրիգոր Մոսեիչ,— բարևելուց հետո անմիջապես հարցրեց Բարսեղը։
— Ես գունա՞տ եմ... շատ կարելի է,— մի ինչ-որ խուլ ձայնով ասաց աղա Գրիգոր Մոսեիչը և լռեց։
— Բայց ի՞նչ է պատահել ձեզ, աղա Գրիգոր Մոսիչ․․․