Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեր առողջությունն, ինչպես երևում է, այսօր ավելի վատ է... Ինչի՞ չեք հրամայում, որ շուտով բժիշկ բերեն: Կամենո՛ւմ եք, ես ինքս կգնամ...

Աղա Գրիգոր Մոսեիչը մի րոպե, կարծես, մի ինչ-որ մտածելով, նայեց ուղղակի նրա աչքերի մեջ և ցույց տայով դիմացի բազկաթոռը, ասաց նույն խուլ ձայնով.

— Նստի՛ր, Բարսեղ, քեզ հետ խոսելիք ունիմ:

Բարսեղը նստեց և սպասում էր: Նա չէր համարձակվում մինչև անգամ շարժվել նստած տեղում, նրա սիրտն անհամբերությամբ բաբախում էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը շարունակում էր լուռ նայել նրա աչքերին, հետո յուր հայացքը նա հածեց յուր շուրջը և վերջապես սկսեց այս անգամ դողդոջուն ձայնով, որ, ինչպես երևում էր, նրա մեջ այդ րոպեին տիրող սաստիկ կատաղությունից էր առաջանում:

— Այս գիշեր ես բոլորովին աչքս չեմ խփել... կասկածն այնքան սոսկալի է, որ քունը գեթ մի րոպե մոտ չէ թողնում աչքերիս... Այո՛, դու չգիտես, Բարսեղ, թե այստեղ, իմ շուրջը, իմ սեփական տան մեջ իմ դեմ ի՜նչ սոսկալի բան է պատրաստվում, ի՜նչ սոսկալի բան...

— Ի՞նչ բան, աղա Գրիգոր Մոսեիչ, ի՞նչ եք ասում,— իրեն զարմացած և վախեցած ձևացնելով կանչեց Բարսեղը, որ իհարկե, իսկույն իմացավ, թե ինչ պիտի լսեր։

— Ինձ ուզում են թունավորել,— ասաց աղա Գրիգոր Մոսեիչը աչքերը ոլորելով, և նրա ձայնն այն աստիճան խլացավ ու դողաց, որ կարծես հորից էր դուրս գալիս։

Այդ խոսքերի վերա Բարսեղը վարվեց այնպես, ինչպես կարող է վարվել միայն մի հմուտ դերասան։ Նա վեր ցատկեց բազկաթոռից և միայն կանչեց.

— Ինչ եք ասում...

— Ա՜, այդ քեգ սարսափեցնո՞ւմ է, անփորձ տղա,— ասաց աղա Գրիգոր Մոսեիչը ձայնը բարձրացնելով և ձեռքերով ամուր սեղմելով բազկաթոռի թիկունքները։— Այդ քեգ սարսափեցնո՞ւմ է... Ապա ե՞ս, ես ինչպե՞ս պիտի սարսափելիս լինեմ դրանից, այդ դժոխային մտադրությունից... Այս ամբողջ մի շաբաթ ես մի րոպե անգամ հանգիստ չեմ ունեցել... Առանց ամենամեծ երկյուղի մի պատառ հաց չեմ