դրել բերանս, մի ումպ ջուր կամ ուրիշ խմիչք չեմ մոտեցրել շրթունքներիս— ամեն բան ինձ թվացել է, թե թունավորված է...
— Բայց... աղա՛ Գրիգոր Մոսեիչ, ես իմ ականջներին չեմ հավատում... Ի՞նչ եք ասում...
— Երբ որ ինձ մի օր թույնից հանկարծ մեռած կտեսնես, այն ժամանակ խո կհավատա՞ս...
— Բայց ո՞վ ունի այդ սոսկալի, ստոր մտադրությունը...
— Ո՞վ,— նրանք, որոնց ես վաղուց պիտի վռնդած լինեի, բայց որոնք մինչև օրս էլ բնակվում են իմ տանը...
— Ո՞վ...
— Իմ կինն ու զավակները...
— Այդ անկարելի՜ է, աղա Գրիգոր Մոսեիչ, այդ անկարելի՜ է... ձեր կինն ու զավակները մի՞թե կհամարձակվին, մի՞թե կարող են այդպիսի դժոխային գործ բռնել... և ո՞ւմ դեմ, ձեր՝ առանց որի նրանք չեն կարող ապրել...
— Միամի՛տ տղա, նրանք ինձ հենց նրա համար են ուզում թունավորել, որ առանց ինձ ավելի լավ, ավելի ազատ կարողանան ապրել...
— Ես ձեզ չեմ հասկանում...
— Որովհետև,— շարունակեց աղա Գրիգոր Մոսեիչը,— ինձ թունավորելուց հետո իմ բոլոր կարողությունը նրանց կմնա։
— Մի՞թե առանց այն էլ ձեր կարողությունը նրանց չպիտի մնա...
— Ի՜նչ,— շտապով կանչեց աղա Գրիգոր Մոսեիչը, դեմքն ավելի խոժոռելով,— դու կարծում ես, թե իմ մեռնելուց հետո նրա՞նք պիտի լինին իմ ժառանգները, նրա՞նք, որոնց ես հենց սկզբից ատել եմ, որպես դժոխքը... դու կարծում ես, թե իմ մեռնելուց առաջ նրա՞նց կկտակեմ իմ կարողությունը... Հիմա՜ր տղա, հիմար, ես ավելի շուտ կրակը կտամ իմ բոլոր կարողությունը, քան այդ նրանց կկտակեմ կամ կցանկանամ, որ նրանք լինին իմ ժառանգները...
— Ապա, բացի նրանցից ուրիշ ո՞վ կարող է լինել ձեր ժառանգը, աղա Գրիգոր Մոսեիչ,— ասաց Բարսեղը միամիտ տղայի նման։