— Ո՞վ... ով ավելի արժանի է և որին ես եմ կամենում,— պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը և, վեր կենալով տեղից, սկսեց քայլել սենյակում։
Բարսեղի սիրտն ուրախությունից այնպես թրթռաց, որ նա մինչև անգամ գույնը նետեց։
— Բայց,— ասաց նա գրեթե շշնջալով,— կարո՞ղ եմ արդյոք իմանալ, թե ո՞վ է այդ արժանավորը...
— Դու,— պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, հանկարծ կանգնելով նրա առաջ և ուղղակի նայելով նրա աչքերի մեջ։
— Ե՜ս...
— Այո՛, դու և միայն դու... Առանց այն էլ ես վաղուց մտադիր էի քեզ իմ ժառանգը շինելու, որովհետև քո մի եղունգը ինձ ավելի սիրելի է, քան իմ կինն ու զավակները միասին վերցրած... Բայց ես չէի շտապում. ես սպասում էի մահվանս մոտենալուն, իսկ այդ անիծվածները չեն թողնում, որ ես իմ մահով մեռնեմ... և ես ստիպված եմ շտապելու, որովհետև վախենում եմ, թե մի գուցե, առանց իմ կարողությունը քեզ վերա հաստատելու, նրանք ինձ շուտով թունավորեն և քո տեղ իրենք ժառանգեն իմ կարողությունը... ինձ թունավորե՜ն, о՜...
Նա ատամները կրճտացրեց և նորից սկսեց քայլել սենյակում...
Բարսեղն ուրախությունից այլևս ոչինչ չէր զգում, անշարժ կանգնած մի տեղում՝ նա մեքենայաբար միայն շրջում էր աչքերը աղա Գրիգոր Մոսեիչի հետ։
— Բայց ես, իհարկե, երկար չեմ թողնիլ նրանց ապրելու իմ տանը,— խոսեց դարձյալ աղա Գրիգոր Մոսեիչը քայլերը հետզհետե արագացնելով։— Արյունարբու թշնամիներիս հետ ես չեմ կարող ապրել մի հարկի տակ... և հենց այսօր ես կվռնդեմ նրանց իմ տնից, անպատճառ կվռնդեմ, անպատճառ...
Նա լռեց և մոտ երկու րոպե առանց մի խոսք արտասանելու, արագ քայլերով չափում էր սենյակի՝ գորգով պատած հատակը։ Հանկարծ նա մոտեցավ գրասեղանին և վերցնելով փոքրիկ հնչակը, սաստկությամբ հնչեցրեց նրան։
Ներս մտավ ծառան։