— Ո՞վ գիտե,— պատասխանեց մայրը,— և՛ այս, և՛ այն: Այդպիսի մարդիկն իրենց գլուխն արդարացնելու համար միշտ այդպիսի ստոր միջոցների են դիմում... Թո՛ղ դիմեն, թո՛ղ հավատացնեն թեկուզ ամբողջ աշխարհին, որ բոլոր մեղքը մերն է, բայց մենք մեր խղճի առաջ արդար ենք. և ապագան ցույց կտա ճշմարիտը...
— Ո՞ւմ վերա է հաստատել յուր կարողությունը,— հարցրեց Սմբատը։
— Չգիտե՞ք ում վերա... ո՞վ կա ավելի սիրելի նրա համար աշխարհիս երեսին, քան յուր «որդեգիրը»։
— Ուրեմն այն տղայի վերա...— սաստիկ զարմացած կանչեց Սմբատը։
— Ասեք յուր որդեգրի վերա, ինչպե՞ս եք համարձակվում «որդեգրին» «այն տղան» անվանել։ Դրանով դուք մի այնպիսի սոսկալի կերպով վիրավորում եք խեղճ, անկեղծ «բարերարին», որի նմանը դեռ չէ լսված... Այդպես անգթորեն արատավորել «բարերարի» անունը նույնքան ծանր հանցանք է, որքան անմեղ մարդ սպանելը... Օ՜, աշխա՛րհ, որքա՞ն փչացած ես դու,— վերջապես կանչեց նա, և նրա ձայնը, թեթև կերպով դողաց։ Նա հեռացավ մի կողմ և դեմքը ծածկեց ձեռքերով։
Մի րոպե տիրեց այն ծանր լռություններից մինը, երբ մարդ զգում է յուր սրտի վերա մի ծանրություն։
Իսկուհին մոտեցավ մորը և կողքից գրկեց նրան։
— Մայրի՛կ, դու վհատվո՞ւմ ես,— ասաց նա դողդոջուն, բայց գորովալի ձայնով։
— Ես ամաչում եմ, որ այդ մարդն իմ ամուսինն է և ձեր հայրը,— պատասխանեց մայրը, առանց հեռացնելու ձեռքերը դեմքից։
— Հիմա ի՞նչ անենք, մայրիկ... Մի՞թե մարդիկ այնքան կույր և անգութ կգտնվին, որ դրա համար կնախատեն մեզ... մի՞թե մարդիկ չեն իմանալ, չգիտեն, որ մենք անմեղ ենք և զոհ մի անարժան ամուսնու և անարժան հոր... Ո՛չ, մայրիկ հասարակաց կարծիքը և ամբոխի դատը միշտ և անպայման չեն դատապարտում։ Ընդհակառակը, կան դեպքեր, երբ նրանք պաշտպան են հանդիսանում անմեղներին, հալածվածներին և պատժում են հանցավորներին, հալածողներին: