Արիացի՜ր, մայրիկ. մենք կհեռանանք այս տնից և երևի աշխարհիս երեսին կգտնենք մի խրճիթ, որտեղ կկարողանանք ապրել մեզ համար հանգիստ, խաղաղ, երջանիկ...
— Օ՜, ինչ եք ասում,— զգացված կանչեց Սմբատը։— Իմ տունը, որ իսկապես ձերն է, պատրաստ է միշտ ձեզ ծառայելու։ Գնանք, անգին բարեկամներս, հենց իսկույն գնանք...
Մի քանի ժամից հետո աղա Գրիգոր Մոսեիչի տան վերին հարկը դատարկ էր բնակիչներից։ Նրանք իրենց հետ տարել էին միայն այն, ինչ որ իրենց էր պատկանում։
Արդյոք հարկավո՞ր է ասել, թե այդ օրվա Բարսեղի ուրախությունը մինչև որ աստիճանի էր հասնում։ Այդ հասկանալու համար հարկավոր է լինել Բարսեղ և լինել նրա դրության մեջ։ Նա սաստիկ անհամբեր կերպով ցանկանում էր շուտով տեսնել Դարիա Կիրիլովնային և ավետել նրան կատարվածը, բաժանել նրա և նրա աղջկա հետ յուր անհուն ուրախությունը։
Նույն գիշեր նա թույլտվություն խնդրեց աղա Գրիգոր Մոսեիչից դուրս գնալ փոքր-ինչ զբոսնելու։ Աղա Գրիգոր Մոսեիչը, որ բավական հանգիստ էր երևում այդ ժամանակ, թույլտվություն տվեց, և Բարսեղը, սովորականից շատ վաղ, դուրս եկավ նրա սենյակից։ Նա անմիջապես դիմեց դեպի Դարիա Կիրիլովնայի տուն։ Վերջինս և յուր աղջիկը նստած էին մեզ ծանոթ սենյակում, կլոր սեղանի մոտ, որի վերա թանկագին գունավոր մի լամպար էր վառվում, և ձեռքերին բռնած «Русскии базар»-ի մի-մի թերթ՝ ուշադրությամբ նայում էին նրանց վերա նկարված նորաձև շորերին, տյուրնյուրավոր նկարներին, երբ հանկարծ ներս ընկավ Բարսեղը։
— Ա՜հ, Վասյա,— իբրև թե վախեցած՝ առաջինը կանչեց Օլյան, հանկարծ տեղից վեր թռչելով և ձեռքը սեղմելով քնքուշ կրծքի վերա։
— Վասիլի Պետրովիչ, ինչպե՞ս եք ներս ընկնում, ի՞նչ