Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարհուրանքը տիրեց ներկաներին. մի քանիսը նույնիսկ երեսները խաչակնքեցին։ Ծերունի Թորոսը խո տեղն ու տեղը քարացավ, նա միայն անատամ բերանը բաց արավ և երկայն մորուքը տմբտմբացնելով, առանց այն էլ ծերությունից առաջ ընկած գլուխն ավելի առաջ տարավ դեպի գրբաց Գրիգորը և հարցրեց.

— Ետո՞...

— Ետո ի՞նչ։ Ետո էն, որ իրեք հատ են ու շատ էլ չար։ Խո տեսաք, երկու հետ, հենց որ սկսեցի աղոթքը կարդալ, ոնց գժվացրին։ Ուզում են էս խեղճին տանեն ջուրը գցեն։

Գրբաց Գրիգորի այդ խոսքերի վրա խեղճ ծերունու գլուխը սկսեց ավելի շարժվել։

— Ա՛ քե մատաղ,— բացականչեց նա լալագին ձայնով,— ախր սատանեքը սրա փորն են մտնում, ի՞նչ անեն։

— Բա ս. Գևորգի հմար ետ դրած մատաղացուն մեռելի քելեխին մորթելը հանաք բան եք կարծո՞ւմ, բա սուրբն անպատիժ կթողնի՞ էդ տեսակ բանը։

— Լավ, մեռնեմ իրան, սա էր մորթիլ տվի՞լ, որ սրան ա պատժել։

— Դու գիտում չես, բիձա ջան, սուրբն արդարին ա բռնում, որ մեղավորները խելքի գան, իրան ընդդեմ բան չանեն։ Համա դու դարդ մի՛ անի,— ավելացրեց Գրիգորը խրախուսիչ ժպիտով խփելով ծերունու ուսին,— ես էս ա, լավացնելու եմ։ Ինձ գրբաց Գրիգոր կասեն, սատանեք չէ, Սադայելն էլ գա, իմ ձեռքից պրծնիլ չի։ Դե, հըմի սկսենք։

Նա հրամայեց, որ երկու հոգի նստեն Մարթայի աջ ու ձախ կողմը, որպեսզի, եթե նրա փորի մեջ նստած սատանաները, ո՞վ գիտե, նորից վեր թռցնեն նրան, որ տանեն ջուրը գցեն, բռնեն նրան, չթողնեն փախչի։

Օսանը և մի ուրիշը նստեցին Մարթայի այս ու այն կողմը։ Թորոսը տեղավորվեց թախտի ծայրին։ Իսկ ինքը Մարթան նստած էր հանգիստ, միանգամայն անտարբեր, թե ինչ են ասում և անում իր շուրջը։

Գրիգորը մոմերը վառեց, նստեց իր առաջվա տեղը, աթոռի վրա, նորից բաց արավ «Սողոմոնի գիրքը» և ասաց.

— Հըմի ես աղոթքը վրա իրեք անգամ կկարդամ, սատանեքը մեկ-մեկ դուրս կգան, կընկնեն էս թասի ջուրը։