Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մայրի՛կ, մայրի՛կ, ուրեմն հենց այս րոպեին օրհնիր մեզ,— ասաց նա այժմ նրան գրկելով։

— Օրհնելը հեշտ է, աղջիկս. սպասիր, դեռ ես ուրիշ գործ ունիմ պ. Վասիլի Պետրովիչի հետ,— պատասխանեց մայրը և ազատվելով նրա գրկից, դարձավ Բարսեղին.— պ. Վասիլի Պետրովիչ, նստեցեք խնդրեմ։

Բարսեղը նստեց, Օլյան՝ նրա կողքին։

— Աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունն արդեն ձեզ վերա հաստատել տվիք,— ասաց Դարիա Կիրիլովնան,— այդ դժվար գործը գլուխ բերիք, պրծաք։ Բայց այժմ գիտե՞ք ինչ պիտի անեք։

— Այժմ ես պիտի պսակվեմ Օլյայիս հետ,— պատասխանեց Բարսեղը։

— Այո՛, այժմ մենք միմյանց հետ պիտի պսակվենք. մայրիկ,— դուրս ընկավ Օլյան։

— Պսակվելն ինքնըստինքյան,— ասաց Դարիա Կիրիլովնան։— Բայց նախքան պսակվելը գիտե՞ք ինչ պիտի անեք։

— Ի՞նչ պիտի անեմ,— զարմացած հարցրեց Բարսեղը։

— Աղա Գրիգոր Մոսեիչին պիտի ճանապարհ դնեք։

— Օ՜, այդ խո կա ու կա՛,— կանչեց Բարսեղը։— Իհարկե, հենց դրա համար էլ ձեռք բերինք այս թուղթը և դրանով էլ ես պիտի վրեժխնդիր լինեմ աղա Գրիգոր Մոսեիչին... Ես այսուհետև պիտի ապրեմ իբրև ազատ մարդ միայն իմ անգին Օլյայիս համար, չէ՞, իմ հրեշտակս,— դարձավ նա Օլյային։

— Օ՜, ինչպե՞ս չէ, մենք պիտի ապրենք միայն միմյանց համար,— պատասխանեց վերջինս, որ միշտ այդպիսի հարցերին էր սպասում, որ իսկույն փաթաթվի յուր ամուսնացվի վզովը։

— Եվ դուք այդ բանը հենց այս շաբաթ պիտի վերջացնեք,— ասաց Դարիա Կիրիլովնան. որքան շուտ, այնքան լավ... իսկ մի երկու շաբաթից հետո աղա Գրիգոր Մոսեիչի, այսինքն— ձեր սեփական տանը ամենափառավոր կերպով կկատարենք ձեր երկուսիդ հարսանյաց հանդեսը։

— Անշուշտ, անշուշտ, Դարիա Կիրիլովնա...

— Իսկ այս թուղթը որպեսզի ավելի ապահով լինի, թողեք ինձ մոտ մնա... և մի ուրիշ բան ասեմ։ Դյուրին բան չէ