Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպիսի գործ կբռնե։ Եվ նա իրեն սիրտ տալու համար սկսում էր ետ ու առաջ քայլել սենյակում և ուրախ երգեր եղանակել— մի բան, որ նա շատ քիչ էր արած յուր ծերության հասակում։ Նա ստեպ֊ստեպ կանչում էր յուր մոտ Բարսեղին, երկար ժամանակ նստում էր նրա հետ, սկսում էր խոսել, կատակներ անել, ծիծաղել և առաջվանից ավելի քաղցր վարմունք ցույց տալ նրան, որպեսզի հավաստիանա, որ նրա մասին տածած հույսերը, խաբուսիկ չեն։ Բարսեղը տակավին նրա մոտ իրեն պահում էր առաջվա նման և ոչ մի բանով չէր մատնում իրեն։ Աղա Գրիգոր Մոսեիչն այդ տեսնում էր, և նրա սիրտը բոլորովին թեթևանում էր։

Այդպես անցան շաբաթներ։

Գիշեր էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը՝ նստած յուր բազկաթոռի մեջ սպասում է Բարսեղին, որ նա գա, միասին թեյ խմեն։ Բայց վերջինս ուշանում էր։ Սովորական ժամանակից անցավ ամբողջ մի երկու ժամ, և տակավին Բարսեղը չկար։ «Ի՞նչ է նշանակում այս,— մտածում էր աղա Գրիգոր Մոսեիչը,— այս ժամանակ վաղուց փակած պիտի լինին մագազինը... իսկ առանց ինձ իմաց տալու նա երբեք ոչ մի տեղ չի գնալ... ինչի՞ նա այսպես ուշանում է»...

Նա մի քանի անգամ մտավ նրա սենյակը, կարծելով թե նա եկել է և մի որևիցե բանի պատճառով չէ մտել յուր մոտ։ Բայց ոչ մի անգամն էլ Բարսեղը չկար։ Համբերությունից դուրս գալով նա ծառային ուղարկեց մագազին, տեսնելու՝ փա՞կ է, թե բաց, թեև հավատացած էր, որ այդ ժամանակ անպատճառ փակ պիտի լիներ։ Ծառան վերադարձավ և ասաց, որ փակ է։ Աղա Գրիգոր Մոսեիչը չէր հասկանում, թե ինչ է պատահում իրեն, մի ինչ֊որ վատ նախազգացություն ճմլում էր նրա սիրտը, և որքան ուշանում էր Բարսեղը, այնքան նրա դրությունը վատանում էր։

Վերջապես երկար տանջող ակնկալությունից հետո սենյակի դուռը բացվեցավ, և ներս մտավ Բարսեղը։

Աղա Գրիգոր Մոսեիչը սաստիկ ուրախացավ, երեխայի նման վազելով նրա առաջ կանչեց.

— Օ՜հ, Բարսեղ, վերջապես եկա՞ր․․․