Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված չէ


Այդ խոսքերի հետ նա ուզեց նրան գրկել, բայց Բարսեղը սառնությամբ հրեց նրան մի կողմը։

— Խնդրեմ,— ասաց նա հպարտ, սուր հայացք ձգելով յուր «բարերարի» վերա։— Այլևս չհամարձակվեք...

Աղա Գրիգոր Մոսեիչը մի քանի քայլ ետ ու ետ գնաց։ Կարծես, նրա առաջ բացվեցավ մի սոսկալի անդունդ։ Նա նկատելի կերպով սկսեց դողալ և առանց մի շշնջյուն անգամ հանելու, չռած աչքերով միայն նայում էր յուր «որդեգրի» դեմքին։

— Այսուհետև ես ձեզ այլևս չեմ ճանաչում,— նույն կերպով շարունակեց Բարսեղը։— Եվ դուք վաղն ևեթ պիտի հեռանաք այս տնից.— այս տունն իմն է։

Նա գնաց մինչև դուռը, շուռ եկավ և ավելացրեց։

— Լսո՞ւմ եք, վաղը. վաղն այլևս չտեսնեմ ձեզ այս տանը... իսկ մինչև վաղը կարող եք մնալ այստեղ։

Եվ նա գոռոզությամբ դուրս գնաց։

Աղա Գրիգոր Մոսեիչը մնաց այնպես, ինչպես որ կար։ Եթե մինը կամենար մի արձան կերտել, որ ներկայացնելիս լիներ, եթե կարելի է այսպես ասել— մի սոսկալի անսպասելիություն, ապա աղա Գրիգոր Մոսեիչը յուր այդ դրությամբ կարող էր կենդանի և ամենաճիշտ օրինակի տեղ ծառայել։

Երկար ժամանակ նա կանգնած էր անշարժ... Ի՞նչ էր կատարվում նրա ներսը, դժվար չէր գուշակել... վերջապես նա աչքերը անորոշ հայացքով շրջեց այս և այն կողմը և հանկարծ երկու ձեռքով ամուր բռնեց գլուխը։ Մի քանի վայրկյան այդպես մնալուց հետո նա օրորվեց և մի խուլ մռնչյուն արձակելով հանկարծ գետին տապալվեցավ։

Մյուս օրն առավոտյան բժիշկներ եկան, քննեցին և գտան, որ աղա Գրիգոր Մոսեիչը մեռել է կաթվածով։

-----

Նրա թաղման հանդեսին ներկա էին «որդեգիրը», կինը, տղան, աղջիկը և Սմբատը։ Ներկա էր և հետաքրքիր ամբոխի մի ահագին բազմություն, որ ճանաչելով աղա Գրիգոր Մոսեիչին և նրա գործերը, ամեն կողմից շտապել էր տեսնելու այդ, յուր տեսակի մեջ նշանավոր մարդուն։ Ոչ ոք չգիտեր նրա հանկարծահաս մահվան ուղիղ պատճառը, բայց ամենքը