Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտեին, որ յուր բոլոր կարողությունը հաստատել է յուր «որդեգրի» վրա, իսկ կնոջն ու զավակներին դառ ու դատարկ վռնդել էր տնից։ Եվ այդ պատճառով գուցե ոչ մի բարեգործ մարդ այնքան օրհնանք չէր տարել յուր հետ գերեզման, որքան աղա Գրիգոր Մոսեիչը անեծք և հայհոյանք։

ԺԴ

Ամուսնու վռնդելուց հետո, տ. Գայանեն յուր երկու որդոց հեա ապրում էր Սմբատի տանը։ Այդ հանգամանքը սաստիկ ազդել էր նրա զգայուն սրտի վերա։ Որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր ամուսնական ողջ կյանքում անչափ անգութ և ստոր կերպով էր վարվում նրա հետ, ի վերջո խլելով նրանից և նրա զավակներից նրանց պատկանելիք օրինական ժառանգությունը, կտակում էր ուրիշին— այդ նա դեռ կարողանում էր տանել, բայց որ այժմ տեսնում է, որ ինքը յուր երկու որդոց հետ ամենաանարգ կերպով վռնդված է յուր տնից և ապաստան է գտնում ուրիշի տանը — այդ բանի հետ նրա հպարտ ու զգայուն սիրտը չէր ուզում հաշտվել... Շատ անգամ այդ բանի մասին մտածելիս նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես հանկարծ արտասուքը սկսում էր խեղդել նրան, բայց նա իսկույն զսպում էր իրեն և ջանում էլ չլալ։ Սակայն այդ առաջին օրերումն էր միայն այդպես, իսկ այնուհետև նա փոքր առ փոքր սկսեց հաշտվել յուր դրության հետ։ Մինչև անգամ նա սկսեց մի տեսակ թեթևություն զգալ յուր սրտի մեջ, երբ մտածում էր, որ արդեն ընդմիշտ ազատված է այն մարդուց, որ առանց թույնի թունավորել էր նրա ողջ կյանքը։

Աղա Գրիգոր Մոսեիչի մահից երկու-երեք ամիս հետո, ամենահամեստ կերպով ամուսնացան Իսկուհին և Սմբատը, որոնք վաղուց սիրելիս են եղել միմյանց։ Յուր աղջկա այդ բախտավորությունը բոլորովին թեթևացրեց տ. Գայանեի սիրտը, որ առաջին անգամ, ազատ ամեն տեսակ ծանր հոգսերից, երջանիկ կերպով բաբախեց...