Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
-----

Ամուսնացան նույնպես Բարսեղը և Օլյան։ Արդյոք ո՞րն ավելի հասավ յուր նպատակին... Բարսե՞ղը, թե Օլյան՝ յուր մայր— Դարիա Կիրիլովնայի հետ...

Պսակի հենց երկրորդ օրը Բարսեղի մեջ ծնվեց մի տեսակ հակազգացում դեպի յուր կինը, երբ առաջին անգամ տեսավ նրա դեմքը առանց կարմիր ու սպիտակ դեղերի։ Օլյան նրան երբեք այնպես մեծ, անճոռնի և տգեղ չէր երևացել, ինչպես այդ օրը առավոտյան. զանազան դեղերի գործածությունը կորցրել էր նրա, առանց այն էլ տգեղ դեմքի մորթի քնքշությունը, և մի տեսակ կնճիռների ակոս էր գցել այտերի և ճակատի վերա... Երրորդ օրն այդ զզվանքը կրկնապատկվեցավ... Նրա աչքերը, կարծես, նոր էին սկսում բացվել և խելքը գլուխը գալ. նա տեսնում էր, թե որքան անմիտ քայլ է արել ինքը՝ պսակվելով մի այդպիսի աղջկա հետ, որը, մարմնական տգեղությունը մի կողմ թողած, ոչինչ գրավիչ բան չուներ նույնիսկ որևիցե ներքին հատկությունների կողմից... Մի երկու տարի ևս անցներ, այդ աղջիկը կպառավեր. ինչպե՞ս պիտի ապրեր նա պառավ կնոջ հետ. չէ՞ որ նա դեռ շատ երիտասարդ էր, այնքան երիտասարդ, որ մինչև անգամ ժամանակ չէր նրան ամուսնանալու, ո՞ւր մնաց պառավ կին ունենալու... Եվ ի՞նչ կյանք պիտի լիներ յուր կյանքը մի այդպիսի կնոջ հետ, որից դեռ մեղրամիսի հենց ամենաառաջին օրերից զզվում էր, մինչև անգամ չէր ուզում երեսը տեսնել... Որքան նա շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի հիասթափվում էր, ինչպես մի արբած մարդ, որ հետզհետե ուշքի գալով, տեսնում է, որ յուր բոլոր փողերը հանել են գրպանից։

Մի քանի օր էր անցել հարսանիքից։ Առավոտ էր։ Բարսեղը փակված էր այն սենյակում, որ մի ժամանակ աղա Գրիգոր Մոսեիչի առանձնասենյակն էր։ Փափուկ գորգերի վերա նա քայլում էր մի անկյունից դեպի մյուս անկյուն: Անհանգիստ և վատ մտքերը խռնվում էին նրա գլխում։ Նա դարձյալ մտածում էր յուր դրության մասին, անորոշ մտքերը խռովում էին նրան։

«Ի՞նչ արեցի ես, ի՞նչ արեցի,— խոսում էր նա ինքն իրեն։— Մատաղ, ծաղկափթիթ կյանքը կապել մի պառավ և