Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոսեիչը... Դարիա Կիրիլովնան... և վերջապես աղա Գրիգոր Մոսեիչի մահը և... դողը անցավ նրա մարմնով, սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Նա դեռ երբեք չէր մտածել, որ ինքը մարդասպան էր... «Ես կուրացա շատ հարստանալու փափագով... ինձ ստիպեցին այդ օրհասական քայլը անելու... ես կողոպտեցի նրան․ և ինչի՞ համար այս ամենը․․․ Դարիա Կիրիլովնայի համար։ Ո՞ւր է հարստությունը գոնե․․․ Մի՞թե իմ տված պարտամուրհակներով Դարիա Կիրիլովնայի ձեռքը չմատնեցի ինձ և բոլոր իմ հարստությունս»․..

Այդ միջոցին ներս մտավ ծառան և հայտնեց, որ մի մարդ ուզում է նրան տեսնել։ Բարսեղը իսկույն չհասկացավ բանի էությունը, և երբ ծառան կրկնեց, միայն այն ժամանակ, նա առանց հարցնելու, թե ով է այդ մարդը, հրամայեց ծառային, որ ներս հրավիրե նրան։ Ծառան դուրս գնաց, և ներս մտավ Սարգիսը, բայց ոչ առաջվա Սարգիսը, այլ մի նոր Սարգիս, որը գլխարկից սկսած մինչև կոշիկները փոխված և կոկված էր, իհարկե, շնորհիվ այն ամենակարող հազար ոուբլու, որով, յուր խոստման համաձայն, վարձատրել էր նրան նրա ծառայության համար աղա Գրիգոր Մոսեիչի «որդեգիրը»։

— Հը՛, ինչ կա, որ այսպես առավոտ֊առավոտ վազել ես ինձ մոտ,— նրա մտնելուն պես բավական կոպտությամբ հարցրեց Բարսեղը, որ բոլորովին չէր սպասում նրան։

Սարգիսը նայեց նրա սփրթնած դեմքին և կիտած հոնքերին և պատասխանելու փոխարեն հարցրեց։

— Ինչ է պատահել ձեզ, Վասիլի Պետրովիչ (նա Բարսեղին այժմ այդպես էր մեծարում)։

— Ինչ որ պատահել է՝ այդ քո գործը չէ,— անհամբերությամբ կանչեց Բարսեղը։— Ասա՛, ինչի՞ համար ես եկել...

— Ես եկել եմ ձեզ մի շատ ուրախալի լուր հաղորդելու, Վասիլի Պետրովիչ...

— Ուրախալի լո՞ւր․․․ ի՞նչ լուր։

— Ի՞նչ կտաք, որ հայտնեմ։

— Ինչ լուր,— այս անգամ գրեթե գոռաց Բարսեղը։

— Ձեր մորը գտել եմ․․․