Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համա մենք տեսնիլ չենք, մենակ էս ըրեխեն կտեսնի, չունքի անմեղ ա: Պստիկ,— դարձավ նա թասի առջև ծալապատիկ նստած երեխային,— մտիկ արա էս ջրին. աչքդ հեռացնես ոչ, հենց որ տենաս սատանեքը մեջն են ընկնում, իմաց արա ինձ։ Իմացա՞ր։

Երեխան տմբտմբացրեց գլուխը և աչքերը չորս շինած՝ հառեց թասի ջրին։

Գրիգորն սկսեց կիսաձայն կարդալ, նայելով մերթ գրքին, մերթ Մարթային և մերթ երեխային։ Ներկաներին տիրել էր նախապաշարվածներին և սնոտիապաշտներին հատուկ այն սրբազան երկյուղածությունը, որով նրանք սպասում են հրաշքի. այդ տրամադրությունը սակայն ավելի նման էր ներքին սարսափի, որովհետև գործը վերաբերում էր սատանաներին։ Սպասողական դրության մեջ նրանք ևս իրենց կողմից նայում էին մերթ գրբացի շրթունքներին, մերթ Մարթային և մերթ երեխայի առջև դրած թասին, երևի մտածելով, թե գուցե իրենք էլ տեսնեն սատանաներին, բայց անշուշտ ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչքան փոքր պիտի լինեն այդ սատանաները, որ տեղավորվեն և խեղդվեն թասի ջրի մեջ։

Իսկ Մարթան նստած էր լուռ ու անշարժ և այնքան լուրջ, որ ոչ ոք չէր կարծի, թե խելագար է։ Նա աչքերը հառել էր վառած մոմերին, որոնք, ըստ երևույթին, նրա խանգարված ուղեղի մեջ մութ հիշողություններ էին հարուցանում իր առողջ ժամանակվա նախապաշարված-բարեպաշտական կյանքից, խաչերից ու սրբերից։

Այնինչ կանանց ամբոխի ժխորը շարունակվում էր դուրսը, միանգամայն հակապատկերը ներկայացնելով խրճիթում տիրող հանդիսավոր-սպասողական լռության, որը խանգարվում էր միայն գրբացի կիսաձայն ընթերցումով։ Պատուհանի ապակիները ավելի էին ծեփվել հետաքրքիր դեմքերով, ըստ երևույթին դուրսն էլ զգացել էին, որ ներսն ինչ-որ խորհրդավոր բան է կատարվում։

— Հը՞, մեջը չընկա՞ն,— երկար ժամանակից հետո հարցրեց գրբացը երեխային, ընթերցումն ընդհատելով:

Երեխան առանց աչքերը հեռացնելու թասի ջրից՝ գլուխը բացասական կերպով շարժեց։