Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ։ Շատ անգամ այնպես խորասուզվում եմ մտածմունքների մեջ, որ ամեն բան կատարելապես մոռանում եմ։ Բայց թե ինչ եմ մտածում— այդ ես ինքս էլ չգիտեմ. միայն այս գիտեմ, որ, ինչ որ մտածում եմ, բոլորը դառն է լինում։ Երբեմն՝ մտածմունքներիս անձնատուր լինելուց հետո երբ սթափվում եմ, զգում եմ, որ աչքերս լցվել են արտասուքով և քիչ է մնում հեկեկամ։ Լինում է և ժամանակ, որ սաստիկ ծուլանում եմ— թեև, ինչպես գիտես, բացի կարդալուց և դաշնամուր նվագելուց, ես ուրիշ ոչ մի զբաղմունք չունիմ, և այնքան ծուլանում եմ, որ առավոտները ոչ ուզում եմ անկողնիցս վեր կենալ և ոչ տնից դուրս գալ. ուզում եմ միշտ մնալ այնպես, ինչպես կամ։ Բայց երբեմն էլ այնպիսի մի անզուսպ շարժունության պետք եմ զգում, որ մի անգամից ուզում եմ և ա՛յս անել, և՛ այն, և՛ վազել, վազվզել և՛ պարել, անդադար պարել, դաշնամուր ածել, կոտրել, վիթել, ծեծել, մի խոսքով՝ անել այն ամենը, ինչ որ կամենում եմ, և ինչ որ ձեռքիցս կգա։ Հենց երեկ ճիշտ այդ դրության մեջ էի. երեկոյան թեյը խմելուց հետո՝ բաժակն այնպես շպրտեցի սեղանի վրա, որ գլորվեց, ընկավ հատակի վրա և փշրվեց։ Վերցրի գիրքը կարդալու, բայց մի քանի տող հազիվ կարդացած՝ իսկույն ծածկեցի և շպրտեցի հատակի վրա։ Նստեցի դաշնամուրիս առաջ և այնպես կատաղի կերպով խփեցի մի քանի ակորդներ, որ ստեղունքներից մեկի զսպանակը կոտրվեց։ Էլ չեմ հիշում, թե ինչեր արեցի։ Մեր տանը բոլորը զարմացած են մնացել։ Ես էլ պակաս չեմ զարմացել, հավատացիր։ Ինչռ՞ւ եմ այսպես անում, ինչո՞ւ, խելագարվում եմ, ի՞նչ է, թե այս էլ մի տեսակ հիվանդություն է, որ ակամա գալիս է մարդու վրա.— ոչինչ չեմ հասկանում։ Բայց մի բան ես շատ լավ հասկանում եմ ու զգում.— սիրտս ձգտում է, ուժգին թափով ձգտում ինչ-որ մի անհայտ, կարծես երբեք գոյություն չունեցող բանի, ձգտում է և, կարծես, հույս չունի, թե երբևիցե կհասնի։ Ես այժմ ամեն կերպ աշխատում եմ այդ հիմար դրությունից դուրս գալու և հույս ունիմ, որ զանազան զգացմունքներով ինձ այդ կհաջողվի։ Սկսել եմ շատ կարդալ և համարյա ամբողջ օրն ընթերցանությամբ եմ անցկացնում։

Սիրելիս, նամակ շուտ-շուտ գրիր, ես էլ շուտ-շուտ կգրեմ.